«Խոշոր ավանդատուների 2-2.5 տոկոսը ընդգրկում է ավանդների ծավալի 54-58 տոկոսը». Միքայել Մելքումյան
«Ծավալային առումով խոշոր ավանդները շատ են, բայց թվաքանակի առումով ավանդատուների միայն 2-2.5 տոկոսն են կազմում, որոնք ընդգրկում են ընդհանուր բանկային ավանդների ծավալի 54-58 տոկոսը»,-Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Միքայել Մելքումյանը հայտնեց, որ օրենքի նախագիծը մշակվել է ԿԲ-ի հետ համագործակցությամբ և առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը՝ 10 մլն դրամի շեմը հասցնելով 16 մլն և արտարժույթի դեպքում 5 մլնի ՀՀ դրամի չափով ավանդների երաշխավորման շեմը՝ 7 մլն: Ըստ օրենքի հեղինակի, փոփոխությամբ կխթանվի փոքր ավանդների ներդրման գործընթացը: Օրենքի հեղինակը հայտնեց, որ բանկերին հետաքրքրում է, թե փոփոխությունը նո՞ր ավանդներին է վերաբերում, թե՝ նաև գործողին: Նրա խոսքով, այն կվերաբերվի նաև գործողներին:
Մելքումյանը հայտնեց, որ այս պահին ծավալային առումով բանկերը փոխհատուցում են ավանդների ծավալի 41 տոկոսը, դրանք փոքր ավանդատուներն են, բայց վերջիններս ավանդատուների թվաքանակի շուրջ 97 տոկոսից ավելին են կազմում: Ըստ պատգամավորի, նախագծի ընդունումից հետո փոխհատուցվող ավանդների ծավալը կհասնի 44-45 տոկոսի, միևնույն ժամանակ չծանրաբեռնելով բանկերին:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես նաև դրա հետևանքների հաղթահարման հետագա ժամանակաշրջանում ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման, ներգրավված ավանդների գումարի պահմանման ու ավելացման, ավանդների կառուցվածքում դրամային ավանդների տեսակարար կշռի մեծացման անհրաժեշտությամբ: Փոփոխության արդյունքում բանկային համակարգն առավել մեծ հնարավորություններ կունենա ընդլայնելու տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական ակտիվության բարձրացմանն ու համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը:
«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին մյուս նախագծով, ըստ Միքայել Մելքումյանի, առաջարկվում է բանկերի սնանկության մասին գործընթացի ժամանակ նույնպես սահմանել, որ առաջնային փոխհատուցվեն համապատասխանաբար արտարժութով մինչև 5 մլն ՀՀ դրամի և ազգային արժույթով 16 մլն դրամի ավանդները: