Դատարանը հարկ չհամարեց փոխել տուժածների դատավարական կարգավիճակը
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ընթացող դատական նիստում, լսելով պաշտպանական և մեղադրող կողմերին, դատավոր Աննա Դանիբեկյանը գտավ, որ տուժածների դատավարական կարգավիճակի որևէ փոփոխության կարիք չկա։
Դատարանի որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ առարկում է դատարանի գործողությունների դեմ։
«Դատարանի որոշումը զուրկ է իրավական բովանդակությունից, անտրամաբանական էր, անհետևողական ու իրարամերժ։ Հարգելի դատարան, Դուք ձեր որոշման մեջ ինքներդ Ձեզ հակասում եք»,- ասաց փաստաբանը։
Ալումյանի ելույթը բարկացրեց մեղադրող դատախազ Պետրոսյանին։
«Ներողություն եմ խնդրում, մենք այստեղ որոշումները վիճարկելու հնարավորություն ունե՞նք։ Եթե նման բան կա, պարզաբանեք, մենք էլ վերաքննիչ դատարան դիմելու փոխարեն այս դատական նիստերում վիճարկենք Ձեր որոշումները»,- դատավոր Դանիբեկյանին ասաց մեղադրող կողմը։
Ալումյանը պարզաբանեց՝ առարկում է դատավորի գործողություններին նաև այն պատճառով, որ իր խոսքի ժամանակ դատախազը վեր է կենում ու կոպիտ կերպով հարցեր է սկսում տալ։
«Դա դատավարական որևէ նորմով չի նախատեսված, էլ չեմ ասում, որ կուլտուրական վարվելակերպ չէ։ Խնդրում եմ թույլ չտաք, որ դատախազն այդպես վարվի։ Եթե դուք թույլ եք տալիս, ես էլ ավելի կոպիտ կընդհատեմ։ Դրա համար խնդրում եմ՝ դրան չհասցնել»,- ասաց Ալումյանը։
Դատավոր Դանիբեկյանն ընդհատեց փաստաբանի խոսքը, ասաց՝ դատարանը որևէ առարկություն չի ընդունում։
Դատավորի գործողությունների դեմ առարկեց նաև Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ասելով, որ չկան պատճառաբանված ու տրամաբանված հիմնավորումներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դադարեցնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։
Մեղադրող կողմը ոչ հիմնավոր համարեց պաշտպանների ներկայացրած փաստարկները և առարկեց միջնորդության դեմ։
Այսօրվա դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։ Նրանք երեկ հայտարարել էին, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը այդ գործին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը տեխնիկական խնդրի պատճառով ընդմիջվեց
- Ակցիա դատարանի դիմաց. «Նիկոլ, մարդասպան»
- Մեկամսյա դադարից հետո այսօր կվերսկսի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Հայկ Ալումյան. Այս գործով նրանց դատավարական կարգավիճակում ճանաչելու վերաբերյալ որոշում անգամ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին