ԵԽԽՎ նախագահը Մինսկին հորդորել է դադարեցնել ցուցարարների ձերբակալությունները
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում Բելառուսի իշխանություններին դադարեցնել ցուցարարների ձերբակալությունները և բռնել մարդու իրավունքները հարգելու ուղին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երեքշաբթի օրն ասել է ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսը՝ ելույթ ունենալով Վեհաժողովի քաղաքական ու ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում:
«Այժմ Բելառուսը լուրջ ճգնաժամ է ապրում մարդու իրավունքների ոլորտում: Ես կցանկանայի կոչ անել դադարեցնել ցուցարարների կալանավորումը»- ասել է Դամսը:
ԵԽԽՎ նախագահը կարծում է, որ բելառուսական հասարակությունը անցել է հետդարձի կետը և չի վախենում պաշտպանել իր իրավունքները:
Նա նշել է, որ փոփոխություններ չլինելու դեպքում իրավիճակը կարող է վերածվել հեղափոխության:
«Բայց հեղափոխությունները թանկ են նստում և միշտ չէ, որ տանում են ցանկալի արդյունքների» - շեշտել է Դամսը և հավելել, որ պետք է շարժվել էվոլյուցիայի ուղով, որպեսզի հասարակության մեջ բոլորը գործեն ժողովրդավարությունը պահպանելու համար:
ԵԽԽՎ նախագահն ասել է, որ Եվրախորհուրդը պատրաստ է օգնել Բելառուսին դուրս գալ այս իրավիճակից և այդ նպատակով կապեր է պահպանում բելառուսական հասարակության բոլոր կողմերի հետ:
Իր հերթին, կոմիտեի ղեկավար Շերիլ Գիլանը (Մեծ Բրիտանիա) ասել է, որ Բելառուսի իրավիճակի շուրջ նախաձեռնվել է երկու զեկույց. «Առաջինը, որը ես առաջարկեցի, նվիրված է Բելառուսում ներառական գործընթացին օգնելուն, երկրորդը ՝ պահպանողական խմբի անունից է և վերաբերում է Բելառուսում ընտրական գործընթացների բարեփոխման անհրաժեշտությանը»:
Գիլանը նշել է, որ ԵԽԽՎ-ն շահագրգռված է շարունակել ներառական և կառուցողական երկխոսությունը բոլոր կողմերի, ներառյալ Բելառուսի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա