Ասյա Օվանյան. Վարորդական իրավունքի վկայականի քննության ժամկետները՝ իսկական գլխացավանք
ՀՀ Փաստաբանների Պալատի, «Իմ Ձայնը» նախագծի անդամ Ասյա Օվանյանն իր հերթական հոդվածում գրում է.
«Հասարակության մեջ հերթական դժգոհությունն է կուտակվում Ոստիկանության հանդեպ՝ վարորդական իրավունքի վկայականի գործնական քննությունների գրանցման, դրանց անհիմն ձգձգման հետ կապված։
Բազմաթիվ բողոքներ կան գրանցման համակարգի հետ կապված, որը որևէ կերպ չի հիշեցնում 21-րդ դարի թվայնացված իրականությունը։ Գործում է գրանցման ինչ-որ անհասկանալի համակարգ, որը քաղաքակիրթ հերթագրման հետ արևէ կապ չունի։ Շատ դեպքերում, ըստ էության, համակարգն ընդհանրապես չի գործում։
Գրանցման համար անհրաժեշտ է էլեկտրոնային միասնական հարթակում լրացնել էլեկտրոնային դիմում, որը սակայն դեռևս փաստացի հերթագրումը չէ։ Այսինքն քեզ չեն ասում, որ վաղը, կամ մեկ ամիս անց, կամ թեկուզ երկու ամիս անց այսինչ օրը քո գործնական քննությունն է։ Այլ տրամադրում են հսկիչ համար, որով դու կարող ես հետևել դիմումի ընթացքին, որը շատերի մոտ արդեն մի քանի ամիս է ունի «Ձեր նամակը ընթացքում է» ոչինչ չասող գրառումը։ Իսկ հետո մնում է պարբերաբար ուղարկել նամակներ, հիշեցնել քո մասին և սպասել հեռախոսազանգի։
Արդյունքում շատերի համար վարորդական իրավունքի համար քննության ժամկետները գլխացավանք են դարձել։ Մարդիկ երկար ամիսներով սպասում են, թե ի վերջո երբ է հասնելու քննության իրենց հերթը, երբ է նշանակվելու քննությունը։
Ըստ ՃՈ հաղորդագրության առկա է դիմումների աննախադեպ քանակ։ Բայց անկազմակերպ աշխատանքը դիմումների քանակով չպետք է արդարացնել։ Շատ ավելի արդյունավետ կլիներ ներդնել հերթագրման հստակ համակարգ, որի արդյունքում կուտակումներ չէին առաջանա, իսկ բազմաթիվ մարդիկ չէին հայտնվի նյարդային լարման մեջ և ստիպված չէին լինի պարբերական անպատասխան նամակներով հիշեցնել հերթագրման իրենց դիմումի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Ասյա Օվանյան. Արձակուրդային սպեկուլյացիա
- Ասյա Օվանյան. Ի՞նչ ճանապարհ կընտրեն ՍԴ նոր դատավորները
- Ասյա Օվանյան. ՀՀ քաղաքացիները պետք է օգտվեն խաղաղ հավաքների ազատությունից
- ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն էր.Ասյա Օվանյան