Պաշտոնատար անձինք այսուհետ կհայտարարագրեն նաև ծախսերը. նախագիծ
«Առաջարկում ենք ներդնել ծախսերի հայտարարագրման նոր համակարգ, որտեղ հայտարարատուն կներկայացնի իր ծախսերը, եթե դրանց միանվագ արժեքը կգերազանցի 1 մլն դրամը»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Ներկայացված փաթեթը, ըստ նախարարի, Կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության շարունակությունն է։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ հայտարարատուի ֆինանսական ողջ շարժին հետևելու համար ներկայացված նախագիծը նոր լծակներ է տալիս։ Նրա խոսքով, նախագիծը վերաբերում է որոշակի կոնկրետ ծախսերի, օրինակ՝ վարձակալություն, հանգիստ, ուսում, ճանապարհածախս, կեցություն, նաև գյուղատնտեսական գործունեություն։
«Հայտարարագրման է ենթակա նաև ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը։ Բացի այդ, նախատեսվում է որպես հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը։ Այստեղ կրկին եկու մոտեցում է ցուցաբերված՝ մի դեպքում շահառուի կողմից փաստացի վերահսկվող գույքն է հայտարարագրվում, մյուս դեպքում՝ փաստացի տիրապետվող գույքը։ Փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուի կողմից տիրապետվող, բայց նրան չպատկանող գույքը՝ անշարժ գույք, տրանսպորտային միջոց։ Իսկ փաստացի վերահսկվող է այն գույքը, որը պատկանում է նրան»,- ներկայացրեց նախարարը։
Ըստ նախագծի, հայտարարագիր ներկայացրած պաշտոնատար անձի լիազորությունների ստանձնումից հետո երկու տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության դեպքում, այն է՝ գույքի էական ավելացում, ֆինանսական միջոցների մեծացում, կոռուպցիայի հանձնաժողովը կարող է պահանջել գույքի և եկամուտի մասին հայտարարագիր։
«Բացի այդ, առաջակում ենք իջեցնել հայտարարագրված թանկարժեք իրերի դրամական շեմը՝ 8 մլն դրամից այն հասցնելով մինչև 4 մլն դրամի։ Նաև առաջարկում ենք ընդլայնել հայտարարատու անձանց շրջանակը՝ ներգրավվելով համայնքների աշխատակազմերի քարտուղարներին և 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներին»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին