«Հայփոստի» 1300 աշխատակիցների աշխատավարձն ավելացել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» փոստի ազգային օպերատորի 2020-2025թթ. զարգացման ռազմավարության նախագիծը:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ հուլիսից ՀՀ ողջ տարածքում գործում է «Հայփոստի» աշխատակիցների խրախուսման ծրագիր, օգոստոսին շուրջ 1300 աշխատակիցների շրջանում արձանագրվել է մոտ 25 տոկոս միջին աշխատավարձերի աճ:
Ներկայացնելով «Հայփոստ» ՓԲԸ 2020-2025թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է, որ այն մշակվել է խորհրդատու կազմակերպության հետ համատեղ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա:
2020-2025թթ. բարեփոխումների իրականացմամբ ակնկալվում է «Հայփոստը» դարձնել արդյունավետ կառավարմամբ և շահութաբեր բիզնես մոդելով փոստային կապի ազգային օպերատոր: Ռազմավարական նպատակներն են՝ ապահովել բարձրակարգ փոստային կապի հասանելիություն ՀՀ տարածքում և ՀՀ-ից դուրս, համաչափ զարգացնել ենթակառուցվածքները, մատուցել որակյալ ինչպես փոստային, այնպես էլ լրացուցիչ ծառայություններ և ներդնել թվային նոր լուծումներ: Առաջարկվում է թիրախային դիտարկել վճարահաշվարկային, լոգիստիկ, էլեկտրոնային առևտրի, ֆինանսական, պետական ծառայությունների, գույքի կառավարման ոլորտները:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ներկայացնել կազմակերպության անշարժ գույքի շահավետ կառավարման մանրամասն նախագիծ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան