Դրական դինամիկան խախտելու մեր ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է. Փաշինյան
«Առաջիկայում այս դինամիկան խախտելու մեր ամենամեծ ռիսկը հանրակրթական դպրոցների բացումն է»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ վերջին 20 օրում ամենօրյա ռեժիմով արձանագրվում է 200-ից պակաս նոր դեպքեր:
Ըստ վարչապետի, բարելավման մյուս ցուցանիշը ակտիվ դեպքերի թվի էականորեն նվազելն է, որը ցածր է 3000-ից:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է և հայտնաբերման դրական տոկոսը ցածր՝ 5-ից 8 տոկոս, որը համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ:
Վարչապետը նկատեց, որ դպրոցների բացման կապակցությամբ կայացվել են որոշումներ, որոնք հանրությունը հասկանալիորեն միանշանակ չի ընդունել:
Դրանք, ըստ նրա, վերաբերում են դպրոցում երեխաների դիմակներ կրելուն: Վարչապետը շեշտեց, որ կան մեկնաբանություններ, որոնք զարմացնում են իրեն:
«Այն որոշումները, որոնք կայացնում ենք, վերաբերում են ոչ միայն ուրիշների, այլ մեր երեխաներին նույնպես: Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում և որևէ այլ տեղ արտոնյալ չեն»,- հայտարարեց վարչապետը:
Նա հավաստիացրեց, որ մոնիթորինգ կանեն և անհրաժեշտ որոշումները կկայացնեն, որ երեխաները լիարժեքորեն շնչեն: