Ջուլֆալակյանի տարաձայնությունը հիմնականում ԿԳՄՍ փոխնախարարի հետ էր. Սոֆյա Հովսեփյան
«ԱԺ կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ է ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ՝ այդ թվում նաև սպորտի գծով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։
Հիշեցնենք, որ որպես մանդատից հրաժարվելու հիմք Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարի հետ անհամաձայնությունները։
Սոֆյա Հովսեփյանը նշեց, սակայն, որ Ջուլֆալակյանի հիմնական տարաձայնությունները ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ են եղել, քանի որ նա է զբաղվել սպորտի ոլորտով.
«Եղած խնդիրը բավականին երկար ժամանակ գոյություն է ունեցել, և պատշաճ հաղորդակցություն չի եղել, ինչի պատճառով էլ եղել են հետագա քայլերը»։
Հարցին, թե արդյո՞ք նման տարաձայնությունները պետք է առիթ հանդիսանան, որ պատգամավորը հրաժարվի մանդատից, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց՝ դա շատ անհատական որոշելիք հարց է։
«Միգուցե ես չհրաժարվեի, բայց փաստ է, որ պարոն Ջուլֆալակյանը հրաժարվեց։ Այսինքն՝ ամեն մարդ իր որոշումն է ընդունում՝ ինչպես գործել։ Ես, շատ գնահատելով պարոն Ջուլֆալակյանի մասնագիտական կարողություններն ու որակները, ափսոսում եմ, որ նա այլևս ցանկություն չի արտահայտել շարունակելու աշխատանքը մեզ հետ։ Այն, ինչ ինքը կարող էր անել սպորտի բնագավառում, ես և մյուսերը չենք կարող»,- նշեց պատգամավորը։
Հարցին, թե կոնկրետ ԿԳՄՍ նախարարի հետ խնդիր եղե՞լ է, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց՝ ակնհայտ խնդիրներ չեն եղել, իսկ եղած ներքին խնդիրները երբեք ի ցույց չեն դրվել հանձնաժողովի նիստերի ժամանակ։
Իսկ թե ինչպես է իշխանական խմբակցությունը վերաբերում կրթության ոլորտում մշակվող նոր չափորոշիչներին, Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ չափորոշիչները մշակող խմբի հետ ևս անհամաձայնություններ կան, ինչը բնականաբար, բացասական է։
«Մենք գիտակցում ենք, որ խնդիրները, որքան կապված են Արայիկ Հարությունյանի գործունեության հետ, այդքան էլ կապված չեն, քանի որ շատ հաճախ հանձնաժողովների ոչ պատշաճ գործունեությունն է հանգեցնում այդ խնդիրներին։ Այսինքն՝ մենք բոլորս գիտենք այս խնդիրների մասին, բայց գնում ենք դրանք համակարգված լուծելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է չափորոշիչներին, ապա դրանք ներկայացնելուց առաջ մենք մասնագետների հետ քննարկումներ ենք ունենում»,- տեղեկացրեց իմքայլական պատգամավորը։
Հարցին, թե կարո՞ղ են Ջուլֆալակյանի հրաժարականին հաջորդել այլ հրաժարականներ, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց՝ կարծում եմ՝ ոչ։
Նա նշեց նաև, որ թեև առկա խնդիրները տեսանելի էին, այնուամենայնիվ, Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելը ևս անսպասելի էր։
Հարակից հրապարակումներ`
- Մակունցը հրաժարվեց մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հարցը
- Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
- Արսեն Ջուլֆալակյան. Դիմել եմ ԱԺ նախագահին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ