Կինոօպերատոր Լևոն Աթոյանցը սկսում է իր 100-ամյակի գլխավոր փորձը
Երեկ վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի ծննդյան 90-ամյակն էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահի հրամանագրով վաստակաշատ արվեստագետը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն երեկ երեկոյան դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Լ.Աթոյանցը ասել է. «Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ եմ արժանանում պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»։
Նա նաև կատակել է, թե այսօրվանից սկսում է իր 100-ամյակի գլխավոր փորձը։
Շնորհավորելով պատկառելի հոբելյանի կապակցությամբ և բարձր գնահատելով արվեստագետի վաստակը հայ կինոյի պատմության մեջ ու նրա մտավորականի կեցվածքը` նախարար Ա. Հարությունյանը շեշտել է, որ երիտասարդ մասնագետների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, անշահախնդիր նվիրման շնորհիվ։
Շնորհավորելով հոբելյարին` նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նրան արժանապատիվ քաղաքացու օրինակելի կերպարի, մտավորականի արժանապատիվ կեցվածքի համար և ընդգծել նրա` արվեստագետին բնորոշ ազատությունը, անսահման կենսասիրությունն ու հումորի անսպառ զգացումը։
Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1951 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր: Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի: 1954 թվականին աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր: Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը:
1955 թվականին տեղափոխվել է Հայաստան: 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: 1960 թվականին և 1963 թվականին գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի: 1996-2000 թվականներին սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ: Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին