Բարեգործական համերգի հասույթը ՀԲԸՄ-ն կկրկնապատկի ու կտրամադրի Բեյրութին
Ազգային ժողովի այգում կայացավ բացօթյա բարեգործական համերգից գոյացած ողջ հասույթը՝ 10.500.000 ՀՀ դրամը, կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից և կուղղվի Բեյրութում պայթյունի հետևանքով վնասված հայկական մշակութային կենտրոնների վերականգնմանը։
Այս մասին հայտնում են միությունից ու մանրամսնում, որ Բեյրութի աղետալի պայթյունից ընդամենը ժամեր անց ՀԲԸՄ-ն անհապաղ հանգանակության կոչ է տարածել ամբողջ աշխարհում՝ արագացնելու Բեյրութին հասցվելիք աջակցությունը:
ՀԲԸՄ-ն հայտնվեց աղետի շրջաններում՝ շաբաթվա յոթ օրերին շուրջօրյա ռեժիմով մարդասիրական օգնություն հասցնելու լիբանանահայությանն ու լիբանանյան համայնքի լայն շրջանակներին:
Ստեղծվել է Աղետների արձագանքման կենտրոն և հանրային թեժ գիծ՝ համակարգելու և իրականացնելու սննդեղենի, դեղորայքի բաժանման, ապաստարանների ապահովման, տների, բնակավայրերի ստուգման, վնասների ու կարիքների գնահատման և վերանորոգման, առաջին բուժօգնության ու հոգեբանական խորհրդատվության ծառայությունների մատուցման աշխատանքները:
Մինչ օրս ողջ աշխարհից չի դադարում նվիրատվությունների առատ հոսքը ՀԲԸՄ-ի Լիբանանահայերի աջակցության հիմնադրամին, որն այս պահին հատել է 4,200,000 ԱՄՆ դոլարի շեմը:
Աղետի ուժգնությունը և դրա հետևանքների վերացմանն ուղղված ՀԲԸՄ-ի կոչը անմասն չի թողել հայ մշակութային հասարակությանը: Համավարակի պատճառով գրեթե հինգ ամիս դադարից հետո, սեպտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած մեծամասշտաբ մշակութային իրադարձության՝ հաջակցություն Բեյրութի կազմակերպված Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայի համերգային կատարման շրջանակներում, Հայաստանում հանգանակվել է ավելի քան 10,500,000 ՀՀ դրամ:
Խոշոր նվիրատուների շարքում են «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 5,000,000 ՀՀ դրամ նվիրատվությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ 1,000,000 ՀՀ դրամ նվիրատվությամբ: Մնացած 4,500,000 ՀՀ դրամը գոյացել է համերգի տոմսերի վաճառքից, որն ևս նվիրաբերվելու է ՀԲԸՄ-ին: ՀԲԸՄ-ն կկրկնապատկի բոլոր նվիրատվություններն ու կուղղի Բեյրությում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերանորոգման աշխատանքներին: