ԼՀԿ. Ի՞նչն է խնդիրը, որ դպրոցները որոշել են գումար հավաքագրել ծնողներից
Կամ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կամ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ։ Նման հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել էի պարզաբանում այն մասին, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու դպրոցներում սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերումը առկա ուսուցման մեկնարկից հետո։
Նախարարից ստացել եմ հետևալ պատասխանը․ «Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020 ուսումնական տարում, մարտի 16-ից իրականացվել է հեռավար ուսուցում և դպրոցներում առկա են պահուստային միջոցներ՝ սանիտարահիգիենիկ պարագաների նախնական ձեռքբերումը կիրականացվի այդ միջոցներով, իսկ այն դպրոցները, որոնց տնտեսված միջոցները բավարար չեն լինի՝ կտրամադրվի լրացուցիչ աջակցություն։ Հետագայում վերոնշյալ գործընթացը կիրականացվի պետական միջոցներով»։
Այս պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչու են դպրոցներում ծնողներից գումար հավաքում այդ պարագաների համար։ Տեղեկությունները ստացվում են տարբեր դպրոցներից և քանի որ ախուվախի նախկին մթնոլորտը դպրոցներում չի վերացել և հակառակը՝ սաստկացել է, ուսուցիչները և ծնողները վախենում են այս մասին բարձրաձայն խոսել։
Կարծում եմ ԿԳՄՍ-ն և Երևանի քաղաքապետարանը պետք է ծնողներին ձերբազատեն դրամահավաքի հոգսից և ստուգեն՝ արդյոք դպրոցների պահուստային միջոցները բավարար են այդ պարագաները անհրաժեշտ քանակով ձեռքբերելու համար։ Ի՞նչն է խնդիրը, որ դպրոցները որոշել են գումար հավաքագրել ծնողներից»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։