Կառավարության տված հարկային արտոնության արդյունքում 35 աշխատատեղ կբացվի
Կառավարությունն այսօրվա նիստում 36 չզեկուցվող նախագծերից մեկով հարկային արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող «Բաամ վենտչր կապիտալ» ՍՊԸ-ին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է հումքի ձեռքբերման համար իրականացնել 242 մլն դրամի ներդրում: Ընկերության արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7.2 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, և նույնքան արտադրանք՝ համապատասխանաբար ԵԱՏՄ անդամ և երրորդ երկրների տարածքներում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 35 նոր աշխատատեղ` 120 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործադիրը հետաձգեց 3 տարի ժամկետով:
Ընկերությունը մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է արտադրել 2-3 մլն հատ բարձրորակ բժշկական դիմակ։ Վերջինս արդեն իսկ իրականացրել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում։