Բողոքի ակցիա դատախազության դիմաց. «Ազատել Ալենին անօրինական կալանքից»
Այս պահին գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, ապրիլից անազատության մեջ գտնվող Ալեն Պետրոսյանի ընկերները։
Նրանք պնդում են՝ Ալենը որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ, նրա նկատմամբ ընտրված կալանքն ապօրինի է, նրա անմեղությունն ապացուցող բազմաթիվ ապացույցներ կան, մինչդեռ դատարանում դրանց մեծ մասը չեն ներկայացվում ու կալանքի ժամկետն անընդհատ երկարացվում է։
«Ազատել Ալենին անօրինական կալանքից», «Ապօրինություններ Արարատի մարզում» այս ու այլ գրություններով ցուցապաստառներ են պարզել ակցիայի մասնակից ընկերներն ու մտերիմները։
Ակցիային ներկա է նաև փաստաբան Արման Արզումանյանը։ Նա նշեց, որ ընկերները դիմել են ծայրահեղ այս միջոցին՝ բարձրաձայնելու ապօրինությունների մասին։
«Ալեն Պետրոսյանին առաջադրված սպանության մեղադրանքը հիմնված է ոչ թե ձեռք բերված ապացույցների վրա, այլ ինձ համար առնվազն անհասկանալի դատողություններից»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ իր վստահորդը շարունակում է մնալ անազատության մեջ, մինչդեռ Գ. Մ.-ն ներկայացել է ոստիկանություն, ինքնախոստովանական ցուցմունք տվել, հանձնել զենքը, որից կրակել է։
Փաստաբանի հարցազրույցի ավարտին նրան տեղեկացրեցին՝ դատախազությունում պատրաստ են լսել նրան ու ակցիայի մասնակիցներին։ Փաստաբանի հետ դատախազության շենք մտան նաև Ալեն Պետրոսյանի ընկերներից երկուսը։
Գործի վերաբերյալ փաստաբանի պարզաբանումները՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա