«Ժողովուրդ». Ի՞նչ սպասել ուժային կառույցներից, երբ չի ստացվում բացահայտել հայտնի գաղտնալսման աղմկահարույց դեպքը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հրապարակումից անցել է երկու տարի: Եվ եթե այս երկու տարիների ընթացքում չի ստացվում բացահայտել գաղտնալսման դեպքը, համենայնդեպս, հանրությունը չունի որևէ տեղեկություն բացահայտման վերաբերյալ, ապա ի՞նչ սպասել ուժային կառույցներից այսքանից հետո:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում էր հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Իսկ ի՞նչ ունենք գաղտնալսման հրապարակումից երկու տարի անց: 2020 թվականի հունիսի 10-ին ՀՔԾ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործը բացահայտված է: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանին, որը հայտնեց. «Տվյալ քրեական գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի կողմից նախկինում տրված մեկնաբաբություններին ավելացնելու ոչինչ չունենք: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է»:
Հիշում եք՝ 2019 թվականի հունիսի 9-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե հարցումներ են ուղարկել որոշ երկրներ և սպասում են պատասխանների: և, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս գործով:
Մեր տեղեկություններով՝ չորս երկիր հարցում է ուղարկվել, սակայն մինչև հիմա դեռ պատասխան չկա որևէ երկրից: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեից զանգահարել են նշված երկրների իրավապահ մարմիններին և խնդրել, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն այդպես էլ չեն պատասխանել: Անգամ այլ ուժային կառույցներից են «գործին խառնվել», բայց դարձյալ որևէ տեղաշարժ չկա: Ոչ մի երկրից չեն պատասխանել մեր հարցումներին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում