ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Եվրոպայ խորհրդում հանդիպել է Ստրասբուրգի նոր քաղաքապետ Ժանն Բարսեղյանին: Այս առաջին հանդիպման օրակարգում էին երկու ինստիտուտների գործընկերության համաձայնագիրը, Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը, ինչպես նաև շրջակա միջավայրի հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ կայքից։
Ողջունելով Եվրոպայի խորհրդի և Ստրասբուրգ քաղաքի լավ համագործակցությունը՝ գլխավոր քարտուղարը և քաղաքապետը որոշել են ամրապնդել կապերը և նոր լիցքեր հաղորդել գործընկերության համաձայնագրին նոր թեմաների միջոցով: Որպես համագործակցության հնարավոր ոլորտներ նշվել են շրջակա միջավայրը և մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը, երեխաների իրավունքները և ինտեգրման և խտրականության թեմաները:
Գլխավոր քարտուղարը նաև ողջունել է քաղաքապետարանի հանձնառությունը` որոշումներում և նախագծերում հաշվի առնել կլիմայի փոփոխության խնդիրները և սոցիալական և ժողովրդավարական մարտահրավերները:
Եվրոպայի խորհուրդը խթանում է շրջակա միջավայրի պաշտպանության ամբողջական մոտեցումը, որը հիմնված է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարգանքի վրա: Ներկայումս մշակվում են բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի հանձնարարականի և Կոնվենցիայի նախագիծ:
Բացի այդ, քաղաքապետը կարևորել է Ստրասբուրգում մարդկանց Եվրոպայի խորհրդի, դրա ձեռքբերումների, ինչպես նաև երկու ինստիտուտների ընդհանուր արժեքների մասին ավելի լավ տեղեկացնելու կարևորությունը: Նա նաև ընդգծել է Եվրոպայի մայրաքաղաքում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայության կարևորությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա