MED-7. Եվրոպական միջերկրածովյան երկրները Թուրքիային պարտադրում են կարգուկանոն և խաղաղություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին՝ սեպտեմբերի 10-ին, հյուրընկալեց Միջերկրական ծովի պետությունների ղեկավարների «Med 7» գագաթնաժողովը, որը ԵՄ միջերկրածովյան յոթ պետությունների ոչ ֆորմալ խումբ է ու չի ներառում Թուրքիան:
Արտակարգ գագաթնաժողովում MED-7-ը հանդես է եկել որպես միասնական ճակատ և պահանջել, որ Թուրքիան դադարեցնի երկրաբանական հետախուզական աշխատանքները Հունաստանի տարածքային ջրերում:
Եթե Անկարան չլսի այս կոչը, նրա նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Այս մասին գրում է Euronews-ը։
Փարիզը բազմիցս աջակցություն է հայտնել Աթենքի դիրքորոշմանը՝ տարածաշրջան ուղարկելով ռազմական նավեր և տարածաշրջանում տեղակայելով մարտական ինքնաթիռներ: Ինչն էլ իր հերթին առաջացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի սուր արձագանքը:
Որպես հանդիպման հյուրընկալող, Ֆրանսիայի նախագահն ասել է. «Մեր նպատակն է կարգավորել հարաբերությունները Արևելյան Միջերկրական ծովում, մասնավորապես Թուրքիայի հետ, մենք չենք ցանկանում հետագա սրացում: Սակայն մյուս կողմից, սահմանափակող միջոցների ավարտը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հորատումը դադարեցվի, և Անկարան պահպանի Լիբիայի պատերազմող խմբավորումներին զենք մատակարարելու էմբարգոն»:
Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ տարածաշրջանի երկրների «աշխարհաքաղաքական խաղերը», որոնք ունեն երկար պատմություն, պետք է ավարտվեն՝ կոչ անելով խաղաղություն ու կայունություն ստեղծել Միջերկրական ծովի ջրերում:
Երկրորդ կարևոր թեման միգրացիոն ճգնաժամն էր, որի հիմնական բեռը կրում են Իտալիան և Հունաստանը:
Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսը հորդորել է իր գործընկերներին «առերեսվել ճշմարտության հետ. Հունաստանը և Եվրամիության հարավում գտնվող այլ պետություններ կրում են միգրանտների ժամանման հետ կապված որոշումների անտանելի բեռ», և ասել, որ «այսօր Եվրոպան պարտավոր է անցնել աջակցության խոսքերից գործողությունների և գործերի, որոնք ցույց են տալիս, որ նա համերաշխ է մեզ հետ»:
Անկարայի հետ կապված հարցերի քննարկման նոր փուլը պետք է կայանա երկու շաբաթ անց Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների գագաթնաժողովում, որտեղ Գերմանիան, որն այժմ զբաղեցնում է Եվրամիության նախագահությունը, հանդես կգա որպես հիմնական միջնորդ՝ Թուրքիայի հետ բանակցություններում:
Նշենք, որ Ֆրանսիայի Կորսիկա կղզում կայացած MED-7-ի հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Իտալիայի, Մալթայի, Պորտուգալիայի և Իսպանիայի առաջնորդները՝ Միջերկրական ծովի արևելյան ԵՄ անդամ Հունաստանի և Կիպրոսի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին