Սեպտեմբերի 12-ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Դանա Մազալովայի
Չեխ լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ քաղաքագետ Արմեն Մինասյանը հրապարակել է «Խոսք երախտագիտության».
«2008թ., երբ սկսեցի զբաղվել արցախյան հակամարտության տեղեկատվական-քարոզչական խնդիրներով, միանգամից պարզվեց, որ ամենախրթին հարցը Խոջալուի իրադարձություններն են, որոնք Իլհամ Ալիևը փորձում էր դարձնել իր քարոզչության առանցքը։ Թեմայի ուսումնասիրությունից պարզեցի, որ իրադարձություններից անմիջապես հետո Դանա Մազալովային Այազ Մութալիբովի տված հարցազրույցը պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը։ Թիմով խնդիր դրեցինք՝ գտնել Դանային։
2009թ. Արևելյան գործընկերության գագաթաժողովի աշխատանքները լուսաբանելու համար մեկնել էինք Պրահա, որտեղ ծանոթացա «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի Hakob Asatryan հետ, ու զրույցի ընթացքում Հակոբը տեղեկացրեց, որ Դանան ողջ-առողջ է, իր հետ կապի մեջ է և տևական ժամանակ Հայաստան չգալու պատճառները հայրենիքում դատական քաշքշուկներն են եղել։
Վերադարձա, թիմակիցներին պատմեցի, ու որոշեցինք Խոջալուի թեմայով ֆիլմ նկարել, որը կհիմնվեր եղած զեկույցների, հրապարակային փաստերի ու ականատեսների վկայությունների վրա։ Դանային հրավիրեցինք Հայաստան։
Ասեմ նաև, որ մինչև Հայաստան գալը, Դանան՝ բացառապես սեփական նախաձեռնությամբ խափանել էր Չեխիայում Ադրբեջանի կազմակերպած քարոզչական միջոցառումը։ Ալիևը որոշել էր Խոջալուն համեմատել Լիդիցեյի հետ, ցուցահանդես էր կազմակերպել, իսկ Դանան գնացել էր ցուցահանդեսին, պահանջել դադարեցնել։ Երբ հետագայում հարցրեցի՝ ինչի՞ նման քայլի գնացիր, պատասխանը հուզեց. «Որովհետև վիրավորում են իմ ժողովրդի զգացմունքները, փորձում էին իրենց քաղաքական նպատակների համար չեխերի ազգային ողբերգությունը շահագործել»։
Ինչևէ, 2010-ին Դանան այցելեց Հայաստան, բնականաբար, ֆիլմը նկարեցինք ու Մազալովան կրկին մեր կյանքի մաս դարձավ։ Մանրամասներին տարբեր առիթներով դեռ կանդրադառնանք։
Այսօր ընդամենը մի դիպված պատմեմ.
Երբ 2010-ին տևական ընդմիջումից հետո Մազալովան եկավ Հայաստան, ու հենց հաջորդ օրը ճանապարհ ընկանք դեպի Արցախ, Դանան խնդրեց՝ նախ Կապան այցելենք։ Ասաց, որ իր շատ սիրելի գործընկեր Ռուբեն Մանգասարյանը մահացել է (Ռուբենը մահացել էր մեկ տարի առաջ ու նույնիսկ Հայաստանում շատերը չգիտեին այդ մասին) ու մեծ ցանկություն ունի այցելել նրա շիրիմին։ Մարդուն ոչինչ այնքան լավ չի բնութագրում, որքան երախտագիտության զգացումը։ Համագործակցելու համար ընդամենը մի ձեռքի մատների վրա հաշված առիթներ էին եղել, բայց Դանան հոգու պարտքն էր համարում այցելել Ռուբենի շիրիմին։
Հիշում եմ, որ Արման Սաղաթելյանի առաջնորդությամբ երկար դեգերումներից հետո մի կերպ գտանք Խուստուփի լանջին պատսպարված Վաչագան գյուղը, որտեղ էլ թաղված էր Ռուբենը, ու Դանան տվեց իր հոգու պարտքը։
4 օր առաջ մահացավ նաև Դանան։ Սա ցավալի լուր էր, բայց Աստծո գործերն անքննելի են։ ՄԵնք ընդամենը կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել նրան։ Ուզում եմ տեղեկացնել, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 11։30 Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ, ի հիշատակ Դանա Մազալովայի։
Մենք գործընկերներով ցանկացանք մեր երախտագիտությունն այսպես հայտնել։ Ներկա գտնվելու ցանկություն ունեցողներն իրենց մասնակցությամբ ու աղոթքով ցույց կտան, որ մենք մեր բարեկամներին երբեք չենք մոռանում ու երախտապարտ ենք միշտ»։
Ա.Մինասյանը նաև լուսանկար է հրապարակել՝ Դանա Մազալովան՝ Ռուբեն Մանգասարյանի շիրիմի մոտ։