Արթուր Հովհաննիսյան. Դա Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունը չէ, այլ «Իմ քայլը» քաղաքական թիմինն է
«Իմ քայլը» խմբակցության անդամների համար պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունն անակնկալ է եղել։ Խմբակցության նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ավելացնելով, ենթադրում է, որ հարցը կքննարկվի կայանալիք նիստում։
«Անհամաձայնություն ունեցող ԱԺ պատգամավորն ունի բոլոր լծակները դրա մասին բարձրաձայնելու, հանրային ճնշման միջոցով տեղ հասցնելու համար»,-ասաց Հովհաննիսյանը՝ նկատելով, որ Ջուլֆալակյանի դեպքում լծակները սպառված չէին։
Նրա խոսքով, թե խմբակցության նիստում թեժ քննարկումներ են լինում, ԱԺ-ում էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սուր հարցադրումներ են ուղղում գործադիր մարմնի անդամներին։
Հովհաննիսյանն ասաց, այդ թեմայի շուրջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ խմբակցությունը հանդիպում դեռ չի ունեցել։ Հարցին, թե ինչպես են վերաբերվում Արայիկ Հարությունյանի՝ կրթության ոլորտում վարած քաղաքականությանը, որից շատերն են դժգոհում, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա միայն պարոն Հարությունյանի վարած քաղաքականությունը չէ, դա «Իմ քայլը» քաղաքական թիմի վարած քաղաքականությունն է, որին ուք ծանոթացել եք դեռևս նախընտրական շրջանում, հեղափոխության օրերին ու դրանից հետո։ Առկա դժգոհությունները, մեկնաբանությունները քննարկելի են, սակայն քաղականության տապալման մասին հայտարարությունների մասին ասեմ, որ դուք էլ եք վստահաբար նկատել, որ նման ծայրահեղական գնահատականներ հնչում են այն ուժերի կողմից, որոնք նման հայտարարություն հնչեցնում են ամենտարբեր ոլորտների վերաբերյալ»։
Լրագրողները նկատեցին՝ Արսեն Ջուլֆալակյանն էլ ոլորտի քաղաքականությունը ձախողված էր որակել։ Արթուր Հովհաննիսյանն անհաջող որակեց իր գործընկերոջ նման գնահատականը, ասաց՝ համամիտ չէ դրա հետ։
«Կարծում եմ, «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք այս կամ այն որոշումների վերաբերյալ ունեն դժգոհություն, անհամաձայնություն, բայց դա չի նշանակում, որ քաղաքականությունը տապալված է»,-կարծիք հայտնեց պատգամավորը։
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկից առաջ խմբակցության նիստում քննարկելու են օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ դիրքորոշումները, ինչպես նաև ներքաղաքական տարբեր հարցեր։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը օրեր առաջ մասնավորապես հայտարարել էր.
«Դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։
Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ջուլֆալակյանի տարաձայնությունը հիմնականում ԿԳՄՍ փոխնախարարի հետ էր. Սոֆյա Հովսեփյան
- Մակունցը հրաժարվեց մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հարցը
- Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
- Արսեն Ջուլֆալակյան. Դիմել եմ ԱԺ նախագահին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին