Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոս
Սեպտեմբերի 12-ից 15-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հայաստանի և Եգիպտոսի հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության, պատմամշակութային ընդհանրությունների և փոխվստահության վրա: Արաբական երկրներից առաջինը ճանաչելով Հայաստանի անկախությունը՝ Եգիպտոսը 1992թ. դարձավ Մերձավոր Արևելքում հայկական դիվանագիտական ներկայության առաջին հանգրվանը:
Երկու երկրների միջև առկա է ավանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Հաճախակի բնույթ են կրում երկու երկրների ԱԳ նախարարների շփումները տարբեր միջազգային հարթակներում: 2020թ. փետրվարին Կահիրեում անցկացվեցին հայ-եգիպտական քաղաքական հերթական խորհրդակցությունները։
Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են նաև բազմակողմ հարթակներում։
Սերտ համագործակցություն է ծավալվում կրթամշակութային, առևտրատնտեսական, զբոսաշրջության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում:
Երկու երկրների խորհրդարաններում գործում են հայ-եգիպտական բարեկամական խմբեր։
Առևտրատնտեսական համագործակցություն
Գործում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որը մինչ այժմ գումարել է 5 նիստ:
Երկկողմ առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է 5,8 մլն դոլար։
2017թ․-ին մեկնարկել են եգիպտական «Էյր Կաիրո» ավիաընկերության Հուրգադա-Երևան և Շարմ էլ-Շեյխ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ։ Եգիպտոսը հանդիսանում է հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը։
Գիտակրթական և մշակութային համագործակցություն
Անկախությունից ի վեր տարբեր ոլորտների շուրջ 2000 հայ մասնագետներ Կահիրեում մասնակցել են Զարգացման գործընկերության եգիպտական գործակալության կողմից կազմակերպած ծրագրերին։ Կահիրեի համալսարանում Հայաստանի բուհերի ուսանողները մասնակցում են արաբերեն լեզվի վերապատրաստման ամենամյա դասընթացներին։ 2007թ. Կահիրեի Համալսարանում հիմնվել է Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը:
Պարբերական բնույթ են կրում մշակութային միջոցառումները. երկու երկրներում համապատասխանաբար անցկացվում են Հայաստանի և Եգիպտոսի մշակութային օրեր։
Իրավապայմանագրային դաշտ
Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են համագործակցության 5 տասնյակից ավելի փաստաթղթեր ներդրումների խրախուսման, գիտության և կրթության, մշակույթի, առողջապահության, կրկնակի հարկումը բացառելու, առևտրի, մաքսային, օդային հաղորդակցության, իրավական, գյուղատնտեսության, տնտեսական համագործակցության և այլ ոլորտներում:
Հայ համայնք
Հայ-եգիպտական պաշտոնական հարաբերությունների ձևավորման և ամրապնդման գործում նշանակալի ավանդ է ունեցել հայ համայնքը: Վերջինս հանդիսանում է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության՝ դարերի պատմություն ունեցող ավանդական օրրաններից մեկը: Եգիպտահայ համայնքի թիվը կտրուկ աճել է, երբ ավելի քան մեկ դար առաջ այդտեղ ապաստան են գտել Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ:
Եգիպտահայ համայնքը լուրջ ներդրում է ունեցել ժամանակակից Եգիպտոսի պետականության կայացման և զարգացման գործում՝ զբաղեցնելով ազդեցիկ պետական և հասարակական դիրքեր։
Եգիպտոսի հայ համայնքն ունի ազգային ինքնության, լեզվի և կրոնի պահպանման ներուժ։ Գործում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային, մարզական ակումբներ, լույս են տեսնում թերթեր և ամսագրեր: Ներկայումս Եգիպտոսում բնակվում է շուրջ հինգ հազար հայ, ովքեր հիմնականում տեղակայված են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան