Առաջարկվում է բարձրացնել դատավորների կենսաթոշակը
«Առաջարկում ենք, որ դատավորի կենսաթոշակը պակաս չլինի նրա՝ որպես դատավոր աշխատած նախորդ 12 ամիսների աշխատավարձի, այդ թվում՝ լրացուցիչ աշխատավարձերի 75%-ից, և չգերազանցի դրա 92%-ը»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգրքում» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նա նշեց, որ գոյություն ունի ՍԴ որոշում, որի համաձայն, դատավորներին կենսաթոշակի վճարման կարգի և չափի վերաբերյալ դրույթը, որով սահմանված շեմը 55% էր առաջարկվող 75%-ի փոխարեն, համարվել է հակասահմանադրական։ Այս պահին անհրաժեշտություն կա այդ բացը լրացնելու. «Այդ իսկ պատճառով ներկայացվել է վերոնշյալ օրենսդրական նախագիծը»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե նշված կարգավորումը համապատասխանո՞ւմ է դատավորների կենսաթոշակի մասին նախկին կարգավորումներին, թե՞ այս նախագծով կենսաթոշակի չափը փոխվում է։
Պատասխանելով հարցին՝ Արթուր Դավթյանը նշեց, որ նախկինում եղել է 55%, ինչը ՍԴ-ն համարել է հակասահմանադրական։
«Եվ, եթե ՍԴ-ի որոշումը չլիներ, դատավորը ստանալու էր աշխատավարձի 55%-ի չափով, բայց քանի որ կա այս որոշումը, նա դրանից ավելի է ստանում, թեև չկա սահմանված օրենք, ըստ որի՝ ավելի բարձր պիտի ստանա։ Սա է իրավիճակը»,- ասաց նա։
Սերգեյ Ատոմյանն էլ խնդրեց հստակեցնել՝ կարելի՞ է ֆիքսել, որ տվյալ նախագծով դատավորների կենսաթոշակը բարձրանում է։
«Միանշանակ այո»,- պատասխանեց Արթուր Դավթյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հիշեցրեց, որ ՍԴ-ն վերջնաժամկետ էր սահմանել օրենքում փոփոխություն կատարելու համար, և այն 2019 թվականի հոկտեմբերին ավարտվել է. «Հիմա նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո վերաբերելու է նաև 2019 թվականի հոկտեմբերից թոշակի անցած դատավորների՞ն»։
Ի պատասխան, Արթուր Դավթյանն ասաց, որ ՍԴ որոշումից հետո թոշակի անցած բոլոր դատավորներին վերաբերելու է օրենքը։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ կարդաց նախագծի դրույթներից մեկը, համաձայն որի՝ ընդունված օրենքը հետադարձ ուժ է ունենալու։
Հիշեցնենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ապահովել դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը, ինչն էլ իր հերթին կապահովի արդարադատության շահերի պաշտպանությունը:
Մասնավորապես առաջարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակորեն նշել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա վերջին աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձի 75 տոկոսից: