Ավետիք Չալաբյան. Երբ դրսի պատվիրատուները հնարավորություն են ձեռք բերել իրենց ճաշակով կրթական բովանդակություն պարտադրել
«Որոշ պարզունակ մտածողների թվում է, թե ԿԳՄՍ գործող նախարարի հրաժարականով այդ խնդիրը կլուծվի, սակայն այն շատ ավելի տարողունակ է»,-գրում է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՕԿ խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանս-քննարկմանը։
Չալաբյանն ընդգծում է, որ այս խնդիրը հսկայական հանրային արձագանք է ստացել վերջին շրջանում, և բացահայտել թե մեր կրթական համակարգի բացերը, և թե մեր պետության խոցելի կողմերը, երբ դրսից գործող պատվիրատուները հնարավորություն են ձեռք բերել իրենց ճաշակով մեզ կրթական բովանդակություն և նպատակներ պարտադրել։
«Որոշ պարզունակ մտածողների թվում է, թե ԿԳՄՍ գործող նախարարի հրաժարականով այդ խնդիրը կլուծվի, սակայն այն շատ ավելի տարողունակ է, և ի վերջո հանգում է մեր, որպես առանձին ազգային-քաղաքակրթական միավորի, կարողությանը՝ կայացնել և շարունակաբար զարգացնել ինքնաբավ և դինամիկ կրթական համակարգ, որն ընդունակ է մրցակցել աշխարհի այլ զարգացած կրթական համակարգերի հետ, միաժամանակ համագործակցել և փորձի արդյունավետ փոխանաակում իրականացնել նրանց հետ՝ պահպանելով սեփական ազգային-մշակույթային հենքը։
Այս և բազմաթիվ այլ հարցերին էր նվիրված երեկ տեղի ունեցած քննարկումը, որին մասնակցեցին ոլորտի մի շարք հեղինակավոր մասնագետներ, հասարակական գործիչներ և լրագրողներ։ Մենք նախատեսում ենք այս խնդիրները պահել մեր ուշադրության կենտրոնում, և հետևողականորեն նպաստել մեր ազգային կրթական համակարգի արդիականացմանը և ամրապնդմանը։ Մինչ այդ, ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել երեկվա կոնֆերանսի բոլոր մասնակիցներին՝ նրանց վաստակի, սկզբունքային քաղաքացիական դիրքորոշման և այս կարևորագույն ոլորտում նախանձախնդիր գործունեության համար»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Էստեղից-էնտեղից բերված տարբեր մարդիկ չպետք է մշակեին կրթության չափորոշիչները. Բախշյան
- «Ես և շրջակա աշխարհը» դասագրքում Ստամբույլան և Լանզարոտեի կոնվենցիաներից սկզբունքներ են սողոսկել. Թոփուզյան