Նահատակի պոչամբարից շրջակա միջավայր թափանցող ծանր մետաղները, թունավոր տարրերը ի՞նչ ինտենսիվությամբ կարող են ներթափանցել մարդու մարմին
Ի՞նչ ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը մարդու օրգանիզմի վրա և որքանո՞վ է այն դժվարեցնում մարդու կյանքը։ Այս և այլ հարցերին պատասխանելու նպատակով Չեխիայի «Առնիկա» հասարակական կազմակերպության և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (CCMS) և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունների համատեղ ծրագրի մի խումբ փորձագետներ ուղևորվելու են Լոռու մարզ, որտեղ գտնվում է շրջակայքում բնակվող մարդկանց առողջությունը վտանգող Նահատակի պոչամբարը: Այս մասին հայտնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը։
2020 թ․ ուշադրության կենտրոնում լինելու է այն, թե պոչամբարից շրջակա միջավայր թափանցող ծանր մետաղները և թունավոր տարրերը ինչ ինտենսիվությամբ կարող են ներթափանցել մարդու մարմին: Այս կապակցությամբ բնակիչներից վերցվելու են մեզի և եղունգների փորձանմուշներ, որոնք այնուհետև կուղարկվեն փորձաքննության Չեխիայում հավատարմագրված լաբորատորիա:
«Առնիկա» կազմակերպությունը CCMS և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ համատեղ արդեն երրորդ տարին է՝ զբաղվում է Հայաստանի հյուսիսային շրջանի՝ Լոռու լեռնահանքային շրջանի քիմիական աղտոտվածության հետազոտությամբ: 2018-2019 թթ․ իրականացվել են փորձաքննություններ՝ նստվածքների, հողի, մրգերի, բանջարեղենի և մարդու մազերի մեջ ծանր մետաղների և թունավոր տարրերի պարունակությունը պարզելու համար: Վերլուծությունների արդյունքները հաստատել են նմուշներում ծանր մետաղների և թունավոր տարրերի թույլատրելի սահմանաչափի գերազանցումներ: 2019 թ․ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին ռիսկեր՝ կապված վերցված նմուշներում մկնդեղի, նիկելի և կադմիումի առկայության հետ: Այս տարրերի պարունակության հետ կապված ամենաբարձր ռիսկը հայտնաբերվել է երեխաների շրջանում:
«Ելնելով մեր նախորդ հետազոտությունների արդյունքներից ՝ 2020 թ․ մենք որոշեցինք վերցնել մարդու մեզի, եղունգների և տան փոշու փորձանմուշներ ՝ որոշելու համար այս տարածաշրջանում քիմիական աղտոտմանն առավել բնորոշ թունավոր տարրերի և ծանր մետաղների պարունակությունը: Այդպիսիք են մկնդեղը, նիկելը, կադմիումը, կապարը և պղինձը: Վերցված փորձանմուշները կհասցվեն Չեխիայի առողջապահության ինստիտուտի հավատարմագրված լաբորատորիա։ Այս տարի մենք կկենտրոնանանք Նահատակի պոչամբարի հարակից տարածքներում առկա իրավիճակի վրա, որտեղ մենք նախկինում հետազոտել ենք հողի, մրգի ու բանջարեղենի և մազերի նմուշները: Պոչամբարից ոչ հեռու տեղակայված Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել իրենց տարածքում հետազոտություններ անցկացնելու գործընթացի նկատմամբ», - պարզաբանել է «Առնիկայի» ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն:
Տեղի հանրությունը սատարում և ողջունում է նմանատիպ հետազոտությունները:
«Վերջին տարիներին նկատվում է տեղի բնակչության ակտիվացում շրջակա միջավայրի պահպանության գործում: Մարդիկ բարձրաձայն արտահայտում են իրենց կարծիքը առանց վախի և պայքարում են առողջ և մաքուր միջավայր ունենալու իրենց իրավունքների համար», - ասել է Գրեչկոն:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը նշել է, որ 2020 թ․ փետրվարին շատ հաջող արշավ է իրականացվել ՝ աջակցելու մի ընտանիքի, որն ապրում է. «Նահատակի պոչամբարի անմիջական հարևանությամբ և որում առկա էին առողջական խնդիրներ: Քարոզարշավը մեծ ռեզոնանս առաջացրեց հանրության շրջանում, ինչի արդյունքում լեռնահանքային ընկերությունը ընտանիքի համար որպես փոխհատուցում առաջարկեց գյուղի՝ պոչամբարից ավելի հեռու գտնվող հատվածում տուն գնելու նպատակով»։
Կենտրոնը շրջակա միջավայրի հետազոտության ոլորտում համագործակցելուց բացի աջակցում է նաև քաղաքացիներին:
«Մարզում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով բժշկական օգնությունը շատ դեպքերում թանկ է, ուստի անհասանելի է քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար: Ի թիվս այլ բաների, մենք ցանկանում ենք տրամադրել չեխ մասնագետների կողմից ձեռք բերված փորձաքննությունների արդյունքները տուժած բնակչությանը՝ փոխհատուցում ստանալու նպատակով», - ասել է Դուլգարյանը:
Նմուշառումների այս գործընթացը տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 16-17-ին ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում և Նահատակի պոչամբարի շրջակայքում։
Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն և կհրապարակվեն 2020 թ․ ավարտին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հակացուցված է վերընթաց պոչամբարների կառուցումը. Լիլիա Շուշանյան
- Մեծ Այրումի բնակիչները փակել են «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը
- «Ախթալա ԼՀԿ»-ն բարձրացնում է պոչամբարի ափին գտնվող պատվարը, ինչին դեմ են բնակիչները
- Նահատակ պոչամբարի մոտ ապրող ընտանիքին օգնելու համար արշավ է սկսվում
- Հաստատվել է Հայաստանի հյուսիսում շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտումը
- «Մի նկարեք ինձ էսքան տխուր...Ալավերդին դարձել ա մի սոված-սոված տեղ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան