Չի բացառվում, որ Արմեն Փամբուխչյանը մանդատը վայր կդնի. Մակունց
«Մեր կարծիքով ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն որդեգրել են մոտեցում՝ որևէ ձևով չմասնակցելու դատական համակարգի նորացման գործընթացին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ անդամների ընտրության հարցին։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր երկու կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել ՍԴ անդամների ընտրությանը, քանի որ այդ գործընթացը, ըստ խմբակցությունների, հակաիրավական է և խարխլված հիմք ունի։
Լիլիթ Մակունցի խոսքով, այդ խմբակցություններն ունեն մոտեցում, որ կա՛մ պետք է իրենց սիրելիները լինեն ՍԴ-ում, կա՛մ՝ ոչ ոք չլինի։
«Եվ մենք գոյություն ունեցող դատական համակարգից պետք է հասկանանք` արդյո՞ք մենք մերժում ենք բոլոր գործող դատավորներին, թե՞՝ ոչ։ Իսկ մեզ համար մտահոգիչ է, որ խորհրդարանական ուժերից երկուսը չեն մասնակցելու ՍԴ անդամի ընտրությանը, և այդ հանգամանքը մտահոգիչ է այն համատեքստում, որ ընդդիմությունը չի ցանկանում մասնակցություն ունենալ ՍԴ նորացման գործընթացում»,- նշեց իմքայլական պատգամավորը։
Դիտարկմանը, որ Հայաստանում կարանտինային ռեժիմ է սահմանվել, և արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու որոշումը տարակուսանքի առիթ է տվել, և հանրությունը չի հասկանում ՝ ո՞րն է տարբերությունը, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ տարակուսելու որևէ հիմք չկա։
«Համավարակի դեմ պայքարը դեռ շարունակվում է, և այո՛, արտակարգ դրությունը ենթադրում է ավելի խիստ սահմանափակումներ, քան կարանտինը, և դրանից ելնելով, նաև մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկները լսելով, մենք փոխել ենք ռեժիմները։ Իհարկե, սա չի նշանակում, որ կանոնները խստորեն չպետք է պահպանվեն։ Բայց որոշակի մեղմացումներ կան, օրինակ, կսկսեն աշխատել մշակութային հաստատությունները։ Եվ քիչ-քիչ կաշխատենք խստացումները հանել, որպեսզի դեպքերի նվազման միտումը պահենք»։
Հարցին, թե՞ արդյոք ճիշտ են մամուլի հրապարակումները, թե իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մանդատը վայր կդնի և նոր պաշտոն կստանձնի գործադիրում, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ նման քննարկում եղել է, բայց դեռ պետք չէ իրադարձություններից առաջ անցնել.
«Չի բացառվում, որ նա մանդատը վայր կդնի»։
Դիտարկմանը, որ ԼՀԿ-ն նախատեսում է անվստահություն հայտնել ԿԳՄՍ նապարարին, արդյո՞ք վերջինիս աշխատաքները գոհացնում են «Իմ քայլին», իշխանական պատգամավորն արձագանքեց՝ որևէ մեկը չունի մոտեցում, թե կատարյալ կերպով է աշխատում։
«Մենք չենք կարծում, որ մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու, քննադատություններին ականջալուր լինլու անհրաժեշտություն չունենք։ Ես կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ հարիր չէ»,- եզրափակեց խոսքը Լիլիթ Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
- Փչացրիք նաև սա. ԼՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամի ընտրությանը. Տարոն Սիմոնյան
- ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը