Ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+»-ի մինչ այսօր փակման գործում. Սամսոնյանը՝ Խունդկարյանին
Ինչպես արդեն Panorama.am-ը հայտնել է, խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական նստաշրջանը, որի օրակարգային առաջին հարցը ՍԴ անդամների ընտրությանն է վերաբերում։ Կառավարությունը՝ որպես ՍԴ անդամի թեկնածու է ներկայացրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցն՝ ուղղված Երվանդ Խունդկարյանին, ներկայացնում ենք ստորև:
Ա. Սամսոնյան. Պարո՛ն Խունդկարյան, Ձեր կենսագրության մեջ նշված է, որ դուք 2010-18թթ. աշխատել եք ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։ 2013 թվականին ՄԻՊ-ը արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել։ Այնտեղ նշված է հետևյալը. «Եթե վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահները պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի արդար մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ։ Վերջապես, եթե այդ նախագահներն արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում...։ Հիմա խնդրում եմ մեզ պատմեք, թե ի՞նչ տեսակ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել վճռաբեկ դատարանում, և ինչպիսի՞ ճնշումների եք ենթարկվել դուք»։
Ե. Խունդկարյան. Այո՛, 2010-18թթ. ես աշխատել եմ Վճռաբեկ դատարանում, և իմ գործունեության ընթացքում որևէ զոնալ դատավորի մասին, որևէ ներքին մեխանիզմի մասին խոսք չի եղել։ Ավելին, ես իմ վրա որևէ ճնշում երբեք չեմ զգացել, և նման ճնշումների առկայության դեպքում թե՛ ես, թե՛ յուրաքանչյուր այլ դատավոր պարտավոր է դատավորների անկախությունը երաշխավորող մարմինների առջև այդ հարցը բարձրացնելու։
Իսկ ինչ վերաբերում է ՄԻՊ ներկայացրած արտահերթ զեկույցին, ապա մենք՝ դատավորներս սովոր ենք խոսել փաստերի լեզվով, և անապացույց, անփաստարկ որևէ մեկնաբանության չենք կարող արձագանքել։ Պաշտպանի այդ ելույթին ներկայացվել է պատասխան, և ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Բամբասանքների հիման վրա առկա որևէ տեղեկատվություն չի կարող բարձրաձայնվել։ Եթե կային որոշակի կոռուպցիոն կամ հանցավոր գործողություններ, ապա դրացնով օժտված է ոչ թե վճռաբեկ դատարանի կամ պալատի նախագահը, այլ համապատասխան քննչական մարմինները։
Ա. Սամսոնյան. Ուզում եմ նշել, որ ՄԻՊ-ն իր զեկույցում փաստեր ներկայացրել է, դրանք փաստեր են դատավորների գաղտնի զեկուցումներից։ Նաև ուզում եմ արձանագրել հետևյալ փաստը. դուք Ձեր մասնակցությամբ բազմաթիվ որոշումներ եք ընդունել, որոնք ապագայում Եվորպական դատարանի վճռով Հայաստանին բերել են նյութական կորուստներ։ Եվ, խնդրում եմ նաև, որ ասեք, թե դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+»-ի մինչ այսօր փակման գործում։
Ե. Խունդկարյան. Նախ, ես չեմ ընդունում դատավորի այն կերպարը, որ արտաքին կամ ներքին ճնշումից դրդված կկայացնի որոշում, որը պարտադրված չի լինի օրենքով։ Իմ կողմից որևէ ճնշում կամ տեռոր չի իրականացվել, քանի որ դա իմ պատկերացրած դատավորի կերպարի մեջ չի մտնում։
Ինչ վերաբերում է իմ մասնակցությամբ քննված գործերին, ապա ՄԻԵԴ-ը ֆիքսել է, որ «Ա1+»-ի փակման գործում ես հանդես եմ եկել որպես միանձնյա դատավոր, և այո, միանձնյա գործ քննելիս դատավորի թույլ տված սխալներն են, որ կարող են պատկերացում տալ այդ դատավորի մասնագիտական ունակությունների մասին։ Բայց ես զարմացած եմ տարբեր ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվության մասով, թե դատավոր Խունդկարյանը փակել է «Ա1+»-ը։ Թույլ տված խախտումների արդյունքում է հետուստաալիքը պետությունից որոշակի փոխհատուցում ստացել։ Եթե նման հայտարարություններ են արվում, ես տարակուսում եմ՝ արդյո՞ք մարդիկ կարդացել են ՄԻԵԴ վճիռը։ Այնտեղ նշված է, որ դատաքննությունը օրինական է եղել։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը
- ԱԺ նախագահն առաջնորդվել է կողմերի ցանկության բացակայությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան