Փչացրիք նաև սա. ԼՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամի ընտրությանը. Տարոն Սիմոնյան
«Կարծում եմ՝ մեծ անակնկալ չի լինի, եթե ասեմ, որ մենք էլ չենք մասնակցելու քվեարկությանը»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամների ընտրության հարցին։
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ՍԴ անդամների ընտրությանը։
Տարոն Սիմոնյանի խոսքով, հակաիրավական գործընթացը, որ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների համատեքստում, շարունակվում է։ Այս ընտրությունը, ըստ պատգամավորի, այդ հակաիրավական գործընթացի հետևանքն է։
«Որքան էլ ես մեծ ցանկություն ունենամ քվեարկելու հատկապես իմ դասախոսի և մյուս թեկնածուների օգտին, դրա հնարավորությունը չունեմ, քանի որ Սահմանադրությունը ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք է, քան մյուս արժեքները։
Հանրության մոտ մի այսպիսի ընկալում կա, որ իշխանության այօրվա թիմն արհեստավարժ չէ, կամ կառավարման փորձ չունի, բայց ես ուզում եմ ասել՝ չէ, իշխանության այսօրվա թիմը շատ պրոֆեսիոնալ է, հատկապես չեղած տեղը խնդիրներ առաջացնելում, ապա դրանք քաջաբար հաղթահարելում, կամ եղած խնդիրներ այնպես բարդացնելում, որ այլևս լուծում գտնելու հնար չլինի։ Մենք դատական համակարգում արդեն իսկ բազում խնդիրներ ունեինք, բայց փոխանակ զբաղվենք դրանցով, մենք այդ խնդիրները բարդացնում ենք, մի հատ էլ հակասահմանադրական գործընթաց ենք նախաձեռնում ու շարունակում ենք իբր բարեփոխումները»,- ներկայացրեց Տարոն Սիմոնյանը։
Նա ցավով նշեց, որ եթե ծառի արմատի մեջ թույն է սրսկվում, այն չի կարող լավ պտուղներ տալ, իսկ այս դեպքում ծառն արդեն իսկ խնդիրներ ուներ, և պետք է այն մշակելու գործին լծվեր իշխանությունը։
«Մինչև բոլոր գործընթացները իրավական ճիշտ ճանապարհով չկազմակերպվեն, խնդիրները չեն լուծվելու։ Ինչքան էլ, որ հետապնդվող նպատակը վեհ լինի, ճանապարհը նունքան կարևոր է։ Խախտեք այսօր օրենքը, խախտեք վաղը Սահմանադրությունը, չնայած դա երեկ էիք խախտել, մյուս օրը չեք ունենալու իրավական պետություն։ Հիմա այս խնդիրն այնքան են բարդացրել, որ ես իմ կողմից հարգված, սիրված թեկնածուներին չեմ կարողանալու քվեարկել։ Բայց քանի որ դուք ամեն լավ բան սովոր եք փչացնել, փչացրիք նաև սա, և ՍԴ անդամների ընտրությունը դրեցիք հակասահմանադրական հունի մեջ»,- եզրափակեց խոսքը Տարոն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան