Անհասկանալի հանձնարարականները կատարելու համար, էս ինչո՞ւ եք կոտորում ձեզ. Նաիրա Զոհրաբյանը՝ ուսուցիչներին
«Տվյալ երկար անունը կրող նախարարության կողմից ձեր վրա իջեցված, շատ դեպքերում անհասկանալի հանձնարարականները կատարելու համար, էս ինչո՞ւ եք կոտորում ձեզ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ուսուցիչներին դիմեց Նաիրա Զոհրաբյանը՝ ցույց տալով համացանցից վերցված այն լուսանկարները, որտեղ առաջին դասարանցիները ռազմագերու նման ձեռքերը վեր պարզած սպասում են, մինչև ուսուցիչը իրենց կջերմաչափի:
Պատգամավորի ցուցադրած մյուս լուսանկարում առաջին դասարանցիները սոցիալական հեռավորությունը պահպանելու համար բռնված կանգնած են պարանի համապատասխան հատվածներից:
Գտնելով, որ լուսանկարներում արձանագրվածը երեխաների իրավունքների խախտում է՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը դիմեց երեխաների ծնողներին, թե ինչո՞ւ են նրանք թույլ տալիս, որ իրենց երեխաներին ռազմագերիների նման կանգնեն, երբ երեխաները կարող էին հանգիստ ձեռքերն իջեցրած կանգնել և ուսուցիչը գար դաստակից ջերմաչափել:
Ըստ Զոհրաբյանի, առաջին դասարանցիները պետք է այդ լուսանկարներով հիշեն դպրոցում իրենց առաջին օրը:
Վերջում պատգամավորը նշեց, որ ժամանակին կանանց՝ նաև իր վերաբերյալ հումոր էր տեղադրել իր էջում և օրիորդաց գիմնազիայի բարեպաշտի ոգով դաստիարակված կանայք և տղամարդիկ հարձակվել էին իր վրա, իսկ հիմա նրանք լռում են և բողոքի ձայն չեն բարձրացնում, երբ երեխաների իրավունքները ոտնահարողը նման նկարներ է տեղադրում իր էջում: