Շիրակի մարզի 3 գյուղի աշակերտների ծնողները դժգոհ են նոր որոշումից
Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ, Վարդաղբյուր և Հարթաշեն բնակավայրերի աշակերտները հաճախում են Մուսայելյան գյուղի դպրոց: Նախկինում այդ գյուղերից աշակերտներին դպրոց տեղափոխելու համար տրամադրված է եղել միկրոավտոբուս, որի գործունեությունն այս ուսումնական տարվանից դադարեցվում է: Գյուղի բնակիչները դժգոհ են այդ որոշումից:
Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշում է կայացվել՝ յուրաքանչյուր երթևեկող աշակերտի համար օրական հատկացվի 200 դրամ, կառավարությունը ֆինանսավորում է մարզպետարանին, մարզպետարանը տալիս է դպրոցներին, որոնք էլ այդ գումարը պետք է տան ծնողներին՝ իրենց երեխաների տեղափոխումը կազմակերպելու համար: Օրինակի համար նշեց, որ եթե ամսվա ընթացքում 21 օր են հաճախում դպրոց, այդքան օրվա համար 200-ական դրամ է փոխանցվում ծնողներին, որպեսզի կամ վարձակալեն մեքենա, կամ սեփական մեքենայով տեղափոխեն:
Ա. Մանուկյանի խոսքով, միկրոավտոբուսի դեպքում տարվա ընթացքում 2 միլիոն դրամ էր փոխանցվում, այս դեպքում ավելի քիչ է լինում ծախսը:
Սալուտից Մուսայելյան գյուղ՝ 4 կիլոմետր է, Հարթաշենից՝ 1,5 կիլոմետր, Վարդաղբյուրից՝ 5 կիլոմետր:
Համայնքի ղեկավարն ասաց, որ այս հարցը քննարկվել է բնակիչների հետ, բացատրել են օրենքի փոփոխությունը, 6-7 ամիս է արդեն տեղյակ են եղել:
«Հեշտ տարբերակ են ման գալիս, որ ինչ-որ մեկն իրենց երեխային տեղափոխի դպրոց»,- ասաց Ա. Մանուկյանը:
Նա նշեց, որ այսօր երեխաներն առաջին ժամին չեն հասել դասի, այնուհետև մեքենա է տրամադրվել տեղափոխման համար, մինչև հարցը կլուծվի:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ
- Գյուղական փոքր դպրոցները կրթամշակութային կենտրոնների պետք է վերածել. նախարար
- Գյուղական դպրոցները մեր երկրի ամրությունն են. ԿԳ նախարար
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով
- Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
- Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում