Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը կորոշվի ԱԺ քննիչ հանձնաժողովում
ԱԺ պատգամավորների առնվազն քառրոդ մասի պահանջով նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը որոշելու համար ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, որի կազմը և անդամների թիվը պետք է որոշի խորհրդարանը։
Հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ըստ ներկայացված նախագծի, նախաձեռնողներն առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ, որից 7-ը իշխող խմբակցությունից, 3-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, և 2-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ից։
«Այս իրավակարգավորումը, մեր կարծիքով, ընդհանրապես անիմաստ է, քանի որ հանձնաժողովն այլևս ստեղծված է, և դրա անդամների ընտրությունը պետք է ուղղակի գրության միջոցով լիներ, որը կուղարկվեր խմբակցություններին։ Բայց ներկայիս կանոնակարգով, պետք է ԱԺ պատգամավորները հաստատեն կարգը»,- նշեց նա։
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հանձնաժողովը կքննարկի ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, և միտված են եղել լրահոսում մեկ օր երևալուն և մի խումբ անձանց բարեհաճությունը վայելելուն. «Մասնավորապես, ընդդիմության կողմից ասվել է, որ պետք է փակել Իրանի և Իտալիայի հետ եղած սահմանը, հետո ասվել է, որ կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն։ Կամ առաջարկել են, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել են, որ խորհրդարանում պետք է դիմակ չկրել...»։
Ի պատասխան, Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարցը կապ չունի ներկայացված որոշման հետ։
«Բայց կպատասխանեմ։ Հարցի մեջ արդեն կան գնահատողական դատողություններ, ինչպես նաև խեղաթյուրված մասեր։ Երբ ասվել է Իտալիայի սահմանը փակեք, դա հենց այն պահին պետք է արվեր, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ մեզ մոտ դեռ հաստատված դեպքեր չկային։ Իսկ երբ սեպտեմբեր ամսին ասում ենք, որ պետք է ձեռնարկել քայլեր, որ սահմանները բացվեն, արդեն այլ իրավիճակ է, և հետևաբար, պետք է սահմանները բացվեն։ Ես չեմ հիշում ընդդիմադիր որևէ պատամավորի, որն ասած լինի, թե խորհրդարանում չպետք է կրել դիմակներ, այլ ասվել է, որ ԱԺ նախագահը չի կարող պատգամավորին հեռացնել նիստերի դահլիճից, եթե պատգամավորը դիմակ չի կրում։ Ինչպես տեսնում եք՝ տվյալ պատգամավորն այդ օրվանից մինչև այսօր չի գալիս նիստերին։ Բայց բանավեճը դրա մասին է եղել»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին