Ի վերջո, ո՞վ անլրջացրեց կորոնավիրուսի դեմ պայքարը
«Ի՞նչ կլինի, եթե ստեղծվի այս հանձնաժողովը. որևէ աշխարհասասան բան չի լինի, եթե իհարկե որևէ թաքցնելու բան չկա, կամ չկա պատճառ՝ խուսափելու և վախենալու»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննելու համար ստեղծված հանձնաժողովի գործունեությանը։
Նրա խոսքով, հանձնաժողովում մեծամասնություն է լինելու «Իմ քայլը» խմբակցությունը, և իշխանականներն իրենց հետաքրքրող ցանկացած հարց կարող են հենց հանձնաժողովում բարձրաձայնել։
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, Իվետա Տոնոյանը նշեց, որ վիրուսի տարածման տեսանկյունից պետք է նաև քննության առարկա դարձնել «Այո»-ի քարոզարշավը։
Ավելի վաղ Լենա Նազարյանն ասել էր, որ հաճախ հենց ընդդիմությունն է եղել վիրուսի տարածման պատճառ, քանի որ անընդհատ իրար հակասող և իրարամերժ հայտարարություններ է արել և ապակողմնորոշել հասարակությանը։ Նրա խոսքով, նաև ընդդիմության հավաքներն են նպաստել վարակի տարածմանը։
Ինչ վերաբերում է իմքայլական պատգամավոր Միքայել Զոլյանի դիտարկմանը, թե ընդդիմադիր որոշ գործիչներ անլրջացրել են վիրուսի դեմ պայքարի գործընթացը, օրինակ, ասելով, որ վիրուսը բարի մարդկանց չի կպնում, ապա Իվետա Տոնոյանը շեշտեց, որ հենց իշխանության կարկառուն ներկայացուցիչներն են առաջինն այդ քայլ արել՝ ասելով, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, կամ դրա դեմ պինցետով և սպիրտով կարելի է պայքարել։
«Ի վերջո, հանձնաժողովում առկա քննարկման առարկաները բազմաթիվ են, պետք է քննարկել, թե արդյո՞ք կայացված որոշումների ժամանակագրությունը մարդկային կյանքեր չի արժեցել մեզ համար։ Կամ ինչո՞ւ են մեկուսացման պրոցեսը կազմակերպող անձինք, որոնք մտերմիկ հարաբերություններ ունեն առողջապահության համակարգի պատասխանատուների հետ, հինգ մլն դրամ աշխատավարձ ստանում։ Կամ էլ պարզել, թե կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի, կամ միջազգային սուբսիդիաների գումարներն ինչպես են ծախսվել։ Բայց, կրկնում եմ, որևէ աշխարհասասան բան այստեղ չկա, եթե ամեն ինչ կարգին է։ Թողեք, որ ստեղծվի այս հանձնաժողովը»,- եզրափակեց խոսքը Իվետա Տոնոյանը։