Պուտինը Լուկաշենկոյին խոստացել է 1,5 միլիարդ դոլարի վարկ ու համատեղ զորավարժություններ
Սոչիում նախօրեին կլայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հանդիպումը տևեց ավելի քան չորս ժամ: Սա Լուկաշենկոյի առաջին այցն էր՝ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից ու երկրում բողոքի ցույցերից հետո, որոնք արդեն հինգերորդ շաբաթն է Բելառուսում անընդմեջ ընթանում են՝ պահանջելով Լուկաշենկոյի հրաժարականը:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Լուկաշենկոյի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սոչի քաղաքում, որտեղ Պուտինը հաճախ հյուրընկալում է բարձրաստիճան հյուրերի: Լուկաշենկոյին դիմավորում էին ռուսաստանցի պաշտոնյաներ, այդ թվում ՝ Կրասնոդար երկրամասի նահանգապետը:
Պուտին-Լուկաշենկո հանդիպումը կայացավ այստեղ գտնվող նախագահական «Բոչառով Ռուչեյ» նստավայրում:
Իր խոսքում նախագահ Պուտինը կրկին շնորհավորեց Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ նրան մաղթելով այդ պաշտոնում ամենայն բարիք: Նա սակայն ընդգծեց, որ բելառուսցիներն ինքնուրույն պետք է լուծեն ներքաղաքական խնդիրները:
«Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Մենք կողմնակից ենք, որ բելառուսցիներն ինքնուրույն, առանց որևէ դրսի միջամտության և ուղղորդման, հանգիստ մթնոլորտում և երկխոսության միջոցով գան ընդհանուր որոշման, թե ինչպես հետագայում կազմակերպել աշխատանքը»,- ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ Մոսկվան Մինսկի հետ համաձայնության է եկել 1,5 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին, բայց բելառուս ժողովուրդը պետք է լուծի ճգնաժամն առանց արտաքին միջամտության:
Ռուսաստանի նախագահը հանդիպմանը նաև անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների հարցին՝ նշելով, թե կարծում է, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու Լուկաշենկոյի առաջարկը տրամաբանական է և ժամանակին:
«Մենք գիտենք սահմանադրության փոփոխությունների ուղղությամբ ձեր առաջարկի մասին: Կարծում եմ, որ դա տրամաբանական է, ժամանակին է և անհրաժեշտ: Մենք գիտենք, թե ինչ դիրքորոշում ունեք սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որի մասին ձեր ներկայացուցիչները հայտնել են նախորդ անգամ ԵԱՀԿ-ում: Որքան ես գիտեմ, ստեղծվել է համապատասխան մարմին, որը ղեկավարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը: Հաշվի առնելով Ձեր քաղաքական փորձը, վստահ եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները նույնպես կիրականացվեն ամենաբարձր մակարդակով»,- նշել է Պուտինը:
Իր հերթին Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել Պուտինին աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Բելառուսի հարաբերություններն իր ավագ եղբոր՝ Ռուսաստանի հետ պետք է է՛լ ավելի սերտանան, իսկ կապերը, ներառյալ տնտեսական՝ խորացվեն:
«Դուք Ձեզ դրսևորեցիք որպես շատ ազնիվ և մարդասեր անձնավորություն, ուստի ես շնորհակալություն եմ հայտնում անձամբ Ձեզ և բոլոր ռուսներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ այս հետընտրական շրջանում»,- ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն իր խոսքում ասել է, որ Բելառուսը կշարունակի ռազմական զորավարժություններ անցկացնել իր սահմանին և առաջարկեց Պուտինին անցկացնել համատեղ ռուս-բելառուսական զորավարժություններ:
Իր հերթին բելառուս ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, որը ստիպված էր սպառնալիքների ներքո լքել երկիրը, հանդիպումից առաջ ուղերձով դիմել էր Պուտինին՝ ափսոսանք հայտնելով, որ վերջինս որոշել է հանդիպել Լուկաշենկոյին: Իր ուղերձում Տիխանովսկայան հիշեցրել էր Պուտինին, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ կայացված յուրաքանչյուր որոշում իրավական ուժ չի ունենա, քանի որ «ոչ լեգիտիմ Լուկաշենկոյի ստորագրած բոլոր պայմանագրերը կվերանայվեն նոր կառավարության կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին