ԱԺ-ն սահմանում է տնտեսվարողների գործունեության դադարեցման 10 նոր դեպք
«Փաստացի ունենում ենք իրավիճակ, երբ կասեցված գործունեության պարագայում տնտեսվարողը շարունակում է գործել»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան: Վերջինս ներկայացրեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Ասոյանի խոսքով նման իրավիճակ է առաջանում այն ժամանակ երբ ստուգումների ժամանակ արձանագրելով խախտում՝ տեսչական մարմինը կասեցնում է տնտեսվարողի գործունեությունը, իսկ տնտեսվարողն այդ պահին դիմում է դատարան և ըստ ընթացակարգերի կասեցման որոշումը չի գործում մինչև դատարանի վճռի կայացումը, որը կարող է շատ ձգձգվել:
Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ ստուգումների ժամանակ հանդիպում են դեպքերի, երբ հետագա բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է անմիջապես կասեցնել տնտեսվարողի գործունեությունը, բայց գործող իրավակարգավորումները թույլ չեն տալիս դա անել: Նրա խոսքով, նախագծով սահմանվել է գործիքակազմ, որով տեսչական մարմինը կարող է տեղում անհապաղ կասեցնել տնտեսվարողի գործունեությունը: Եթե տնտեսվարողը դիմում է դատարան, ապա կասեցման որոշումը մնում է ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի, որի արդյունքում էլ այդ կասեցումը կարող է ուժը կորցրած կճանաչվել:
Արթուր Ասոյանի խոսքով, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները շատ չանհանգստանան և անհարկի միջամտությունները բացառվեն, առաջարկվող կարգավորումներով կասեցման գործիքը տեսչական մարմինը օգտագործելու է բացառիկ 10 դեպքերում, որոնք հստակ թվարկված են օրենքով և դրանից դուրս տեսչական մարմինը այլ կասեցում չի կարող կիրառել: Ըստ Ասոյանի, ներմուծվել է նաև որոշակի գործողության դադարեցման դրույթը, երբ հնարավոր է առանց տնտեսվարողի ամբողջ գործունեությունը դադարեցնելու կանխել շրջակա միջավայրի, մարդու և կենդանական աշխարհի վրա բացասական ացդեցությունը:
Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ գործող իրավակարգավորումներով տեսչական մարմինը կարողանում էր իր գործունեությունը իրականացնել ստուգումներով և ուսումնասիրություններով, որը սահմանափակ գործիքակազմ է և նոր փոփոխություններով նաև դիտարկումների ինստիտուտն է ներմուծված, որի ժամանակ տրվում է նախազգուշացում, բայց վարչական տույժ չի կիրառվելու: