Ի՞նչ կհիշեն 30 տարի անց Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի սաները իրենց պետության «իշխանների» այցելությունից. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վարչապետը, «նազիր-վեզիրներով», այցելել է Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոց և մասնակցել դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը։
Չգիտեմ՝ ականավոր բանասեր ու հանրային գործիչ Ռաֆայել Իշխանյանի հարազատները հրավիրված էին միջոցառմանը, թե ոչ, բայց թերևս որևէ մեկը ներկա չէր։ Վարչապետն էլ կարծեք թե իր խոսքում չանդրադարձավ Ռաֆայել Իշխանյանին։
Մինչդեռ ես շատ լավ եմ հիշում այդ ականավոր մարդուն, այդ բարի պապիկին, երբ Շարժման սկզբնավորման տարիներին՝ 1989-1990 թվականներին, նա՛ էր այցելում մեր դպրոց, զրուցում մեզ հետ ու ոգևորում, իր որդու՝ Ավետիք Իշխանյանի հետ ցածր դասարանցիներիս կարգում «Մաշտոցական» («Հոկտեմբերիկի» փոխարեն)։
Այդ օրերից ես վառ հուշեր եմ պահպանել։ Իսկ ի՞նչ կհիշեն 30 տարի անց Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի սաները իրենց պետության «իշխանների» այցելությունից։ Միգուցե «յաշիկի» անհաջող օրինակը։ Միգուցե դա էլ չեն հիշի։
Նկարում՝ Ռաֆայել Իշխանյանը մեր դպրոցում՝ Երևանի թիվ 20 դպրոցում։ Առաջին պլանում մեր դասղեկն է՝ ընկեր Սեդրակյանը։
ՀԳ. «Փիառ, փիառ մինչև վե՛րջ»»։