ԿԲ խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը. Գալստյան
«2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում արձանագրված փաստացի տնտեսական աճը եղել է ԿԲ կանխատեսումների շրջանակում, իսկ հուլիսին նախորդ ամսվա համեմատ գրանցված տնտեսական ակտիվությունը սպասվածից ցածր ցուցանիշ է ունեցել, ինչը պայմանավորված է ծառայությունների որոլտի կրճատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով, առաջին կիսամյակում գնահատվածից ավելի մեծ է եղել մասնավոր ծախսումների կրճատումը, որի զսպող ազդեցությունը ներքին պահանջարկի վրա մասամբ մեղմվել է Կառավարության կողմից իրականացված խթանող հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ։
«Հասարակության կողմից ցուցաբերվող զգուշավոր սպառողական և ներդրումային վարքագծի ներքո գնահատվում է, որ առաջիկա եռամսյակներում ներքին պահանջարկը և տնտեսական ակտիվությունը կվերականգնվեն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով։ Հաշվի առնելով պահպանվող ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաև արտաքին և ներքին պահանջարկի վերականգնման հետաձգման հանգամանքը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տնտեսական սպասվող զարգացումների պարագայում ԿԲ-ի խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ միաժամանակ գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում»,- նշեց նա։
Ըստ Մարտին Գալստյանի, միջնաժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կավելանա և կանխատեսվող հորիզոնի վերջում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ։ Միաժամանակ, քանի որ ներկա իրավիճակում տնտեսության տարբեր հատվածները կրել են խիստ անհամաչափ վնասներ, իսկ դրամավարկային քաղաքականությունն ունի ընդհանուր ազդեցություն, ԿԲ խորհուրդը մնում է այն համոզման, որ դրամավարկային խթանման հետ մեկտեղ համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է հարկաբյուջետային առավել խթանող քաղաքականության իրականացումը։
«ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում ԿԲ-ն պատրաստ է համապատասխան արձագանք տալ՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,- նշեց ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանի խոսքով, 2021 թվականին տնտեսական ակտիվության որոշակի աճ է լինելու, սակայն նախկինում նախատեսված «V»-աձև աճը չի լինի, և բնականաբար, դժվար է ասել, թե վերջնական վերականգնումը երբ կլինի.
«Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք որոշակի դրական տեղաշարժեր։ Մենք նաև որոշակի տեղեկատվություն ունենք, որ որոշ առևտրային բանկերի մոտ արդեն նկատվում է ավանդների տոկոսադրույքների նվազում, այսինքն՝ նոր ավանդները ներգրավվում են ավելի ցածր տոկոսադրույքով։ Իսկ վարկերի առումով դեռ դժվար է որևէ բան ասել»։
Հարցին, թե արդյո՞ք դրամավարկային պայմանների թուլացումը կազդի նաև վարկերի տոկոսադրույքների վրա, ԿԲ նախագահը պատասխանեց՝ դժվար է ասել, քանի որ դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքն ունիվերսալ է, այսինքն՝ այն ազդում է տնտեսության բոլոր հատվածների վրա համաչափորեն, սակայն կան տնտեսության որոշ հատվածներ, որոնք շատ ավելի են տուժել համավարակի պատճառով։
«Պետք է նշել, որ վարկերի տոկոսադրույքների չնվազման համար զսպող գործիքը բիզնեսների ֆինանսական վիճակն ու պահպանվող անորոշությունն է։ Այսօր Հայաստանում այն բիզնեսները, որոնք ունեն առողջ տնտեսական իրավիճակ, բավականին ցածր տոկոսադրույքով կարողանում են վարկավորել»,- նշեց Մարտին Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայի տնտեսությունը վտանգվում է. Գերմանիայում խոզերի աֆրիկյան ժանտախտ է հայտնաբերվել
- Տնտեսություն 163.4 մլրդ դրամ է ներարկվել. վարչապետ