Ուսանողները դիմում են կառավարություն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով
Երևանի պետական համալսարանից ուսանողները երթով հասել են կառավարության շենք:
«Ուսման վարձի մասնակի փոխհատուցման նախաձեռնության առաջին ամենակարևոր փուլը ավարտված է:
Ավելի քան 5000 ուսանող իր ստորագրությամբ միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը` դիմելու կառավարություն ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով։
Այսօր ժամը 13։00-ին համալսարանից երթով կգնանք կառավարություն, մեր դիմումը փոխանցելու գործադիրին»,- ավելի վաղ հայտնել էր ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
Ուսանողները նշում են, որ համավարակով առաջացած վիճակով պայմանավորված՝ իրենց ընտանիքները ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարողանում վճարել իրենց ուսման վարձը:
«Հիմա ենք անում, չենք սպասում, որպեսզի ստորագրություններն ավելի շատ լինեն, որովհետև շուտով մոտենում է ուսման վարձերը վճարելու սահմանված ժամկետը: Եթե չվճարեն, ըստ կարգի, դուրս են մնալու: Այդ խնդիրը հնարավորինս շուտ լուծում պետք է ստանա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նշեց, որ ԵՊՀ ղեկավարության հետ այս հարցը շատ ենք քննարկել, ստացել են պատասխան, որ բուհն ի վիճակի չէ ուսանողների մեծ թվի նման չափի ուսման վարձի փոխհատուցում տրամադրի:
«Ես էլ եմ համաձայն: Դա նաև հարկային պարտավորություններ է ենթադրում»,- ասաց նա:
Դավիթ Ափոյանը 5300 կողմից ստորագրված դիմում-պահանջը փոխանցեց կառավարության ներկայացուցչին:
«Հիմնավորումը նշված է նամակում: Ակնկալում ենք, որ կարճ ժամանահատվածում կառավարությունից կստանանք դրական արձագանք: Շուտով մոտենում է վարձի վճարման սահմանված ժամկետները, եթե չվճարեն, դուրս կմնան ուսանողները: Մինչ այսօր ունենք նախորդ կիսամյակի վարձը չվճարած շատ ուսանողներ»,- ասաց նա:
Կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ առաջիկա օրերին վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու սոցիալ-տնտեսական անելիքների վերաբերյալ, այդ նամակը անպայման հիմք կընդունեն որոշումների կայացման համար:
Դավիթ Ափոյանն ասաց, որ առաջին կուրսեցիների վարձի վճարման վերջնաժամկետն այսօր է, իսկ նախորդ կիսամյակից դեռևս մնացած պարտք ունեցողները պետք է վճարեն մինչև սեպտեմբերի 18-ը:
«Եթե պատրաստվում եք ծրագիր մշակել, միգուցե փորձեք կարգադրել կամ հրահանգել բուհերին, որպեսզի այդ հիմքով ուսանողներին դուրս չթողնեն և հավելյալ ժամանակ տրամադրեն մինչև ծրագիրը մշակեք»,- առաջարկեց Դ.Ափոյանը:
Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ խնդրանք-պահանջը կփոխանցի վարչապետին:
Լրագրողների հետ զրույցում Դ.Ափոյանն ասաց, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով, միայն ԵՊՀ-ում 500 ուսանող դեռ նախորդ կիսամյակից վարձի պարտք ունեն:
«Այլ բուհերից շատ ուսանողներ են մեզ դիմել, միացել են նախաձեռնությանը»,- նշեց նա:
Դ.Ափոյանն ասաց, որ առաջին կուրսեցիների համար վարձավճարը թանկացել է 70-160 հազար դրամի չափով, ինչն էլ ավելի է ընդգծում խնդիրն առաջին կուրսեցիների մոտ:
«Կրթության վրա կատարված ցանակած ներդրում արդարացված է: Որևէ իշխանություն չպետք է ափսոսի, որ կրթության վրա ներրդում է արել, տասնապատիկի չափով դա հետ է վերադառնալու: Այն ընտանիքներին, որոնք կանգնած են ֆինանսական, սոցիալական խնդիրների առաջ, մենք չպետք է մենակ թողնենք»,- ասաց նա
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը բարոյականության, ուսման վարձերի և ընտրվելիս իր անտեղյակ լինելու մասին
- Եթե համալսարանը մեծ թվով զեղչ անի, ապա պետք է նաև հարկ վճարի. ԵՊՀ ռեկտորի ԺՊ
- ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-160.000 դրամով. Դավիթ Ափոյան
- Ուսանողներին ահաբեկում են՝ եթե ուսման վարձը չվճարեք, դուրս կմնաք. Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան