Հուսանք՝ մինչև ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների կողմնորոշվելը երեխաները չեն վարակվի
14 օր ուշացմամբ այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին, սակայն, ինչպես դեռ մեկ ամիս առաջ, այսօր ևս ուսուցիչներն ու ծնողները անորոշության մեջ են, թեև հույս ունեն, որ գոնե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհասկանան՝ ինչ և ինչպես անել։
Դիմակների, ամեն օր կատարվելիք ախտահանումների, սոցիալական հեռավորության պարտադիր պահպանման կողքին այսօր ևս մեկ խնդիր է ծառացել ուսուցիչների և ծնողների առջև. դպրոցական անձնակազմի թեստավորում, որը սակայն, ըստ հավուր պատշաճի չի կազմակերպվել։ Ինչո՞ւ՝ պատասխանը ստորև։
Թեև, օգոստոսի 26-ին՝ համապետական ծնողական ժողովի ժամանակ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ նախքան ուսումնական տարվա մեկնարկը բոլոր ուսուցիչները կթեստավորվեն, բայց, ինչպես պարզ դարձավ, անունը կա, ամանումը՝ ոչ։
Panorama.am-ին հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզում մարզպետարանի վերահսկողության տակ գտնվող ոչ բոլոր դպրոցներում են ուսուցիչները թեստավորվել, ինչն էլ ծնողների մոտ մտահոգություն է առաջացրել՝ իսկ եթե ուսուցիչներից մեկը կամ մի քանիսը վարակված լինեն և վարակեն նաև իրենց երեխաներին։
Ինչո՞ւ նախքան ուսումնական տարվա մեկնարկը հնարավոր չի եղել բոլոր ուսուցիչներին թեստավորել, Panorama.am-ի հարցին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը պատասխանեց՝ մարզը լաբորատորիա չունի, և վերցված նմուշներն ուղարկվում են Երևան, ուստի հնարավորություն չի եղել բոլոր դպրոցների աշխատակիցներին թեստավորելու։
Նա նշեց սակայն, որ մոտակա ժամանակներում արդեն մարզը ևս կունենա լաբորատորիա, այժմ մասնագետներ են վերապատրաստվում, որպեսզի տեղում ծավալեն աշխատանքները։
«Մեզ մոտ նմուշառման է ենթակա դպրոցի 4570 աշխատակից, սակայն մենք դեռևս 1263 նմուշառում ենք արել։ Այս պահի դրությամբ ունենք վարակված 5 մանկավաժ և 3 վարչական աշխատող։ Մյուսներին էլ շարունակաբար բոլոր համայնքներում թեստավորում ենք»,- ներկայացրեց նա։
Մեր հարցին, թե արդյո՞ք այդ դեպքում վտանգ չկա, որ չթեստավորված ուսուցիչներից ոմանք կարող են վարակված լինել և վարակել նաև երեխաներին, Լուսինե Վարդանյանը պատասխանեց՝ այս պահին դպրոցներում հսկողություն է սահմանվել։
«Այժմ դպրոցներում ջերմաչափում ենք իրականացնում, բոլոր դպրոցներում բուժքույրեր կան, որոնք դպրոցի աշխատակիցներին տեղում զննում են։ Ամեն ինչ անում ենք, որ նման երևույթները բացառենք, թեև կարող է և լինել վարակված ուսուցիչ, որի մոտ ոչ մի ախտանշան չլինի։ Բոլոր դեպքերում, փորձում ենք նմուշառումներն իրականացնել»,- տեղեկացրեց Լուսինե Վարդանյանը։
Մենք փորձեցինք նաև հասկանալ, թե ինչո՞ւ հաշվի չէր առնվել հանգամանքը, որ մարզերը չունեն լաբորատորիաներ և ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակ, սակայն Առողջապահության նախարարությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, իսկ ԿԳՄՍՆ-ից էլ ասացին՝ դեռևս պարզ չէ՝ նշված հարցին իրե՞նք պետք է պատասխանեն, թե՞՝ Առողջապահության նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Գիտելիքի օր՝ չիմացությամբ
- Դպրոցներն ու ծնողները անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչպե՞ս և ի՞նչ ցուցումներով պետք է սկսվի դասապրոցեսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին