Համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ. փոխնախարար
«Առաջարկվում է «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման օբյեկտների ցանկից»,- այսօր խորհրդարանում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. օրենքում» փոփոխություն կարատրելու մասին օրենքի նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ ներկայումս հանրապետությունում ներդրվում է միասնական երթուղային ցանց. համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվի միասնական տոմսավորման համակարգ և ինտերակտիվ քարտեզ։
«Կանոնավոր ուղևորափոխադրումների կարևորագույն բաղկացուցիչ է ավտոկայարանային ծառայության մատուցումը, որը ՀՀ-ում իրականացվում է «Հայ ավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից։ Ընկերությունն իր գործառույթներն իրականացնում է չորս՝ Երևանի կենտրոնական և հյուսիսային, Գյումրու և Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաև մյուս համայնքներում առկա 24 ավտոկայանների և 17 երթակարգավորական կետերի միջոցով։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել նաև ավտոկայանային ծառայությունների որակը»,- ներկայացրեց փոխնախարարը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է կառավարելու այդ պետական ավտոկայանը, և մի՞շտ է արդյոք այն աշխատել մինուսով։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արմեն Սիմոնյանը նշեց, որ որպես տարբերակ, առաջարկվել է ավտոկայանը հավատարմային կառավարման տալ, բայց անհասկանալի պայմաններում որոշվել է այն մասնավորեցման տալ.
«Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք թողնել «Հայ ավտոկայարանը» այն վիճակում, որում այժմ է, և մշակել ռազմավարություն, թե որ ուղղությամբ ենք շարժվելու։ Եվ, ըստ այդմ, այն մրցույթի ենք դնելու։ Այն տեղափոխվելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բալանս։ Վերջին երեք տարիներից միայն 2018 թվականին է ՓԲԸ-ն շահույթ գեներացրել, ինչն էլ պայմանավորված է եղել գույքի օտարմամբ»։