Գործազրկության լեգենդները. Արա Գալոյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հերթական հոդվածում գրում է. «Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու գործազրկության: Նույնիսկ կորոնավիրուսի մասին լեգենդներն ի զորու չեն սրանց հետ համադրվելու:
Աշխատատեղերը, ըստ պաշտոնական ելույթների, մեր տնտեսության վրա թափվում են ինչպես առատության եղջյուրից, ու ոչ մի պաշտոնատար անձ իրեն թույլ չի տալիս նսեմանալ պաշտոնական վիճակագրություն ուսումնասիրելու աստիճան: Այնինչ այնտեղ հակառակ պատկեր կերտող թվեր կան: Օրինակ այն, որ փետրվար ամսին է «բաժին ընկնում» աշխատանքի գտած-տեղավորվածների ամենամեծ խմբաքանակը՝ 1 464 մարդ: Երկրորդ տեղում մարտ ամիսն է՝ 996 մարդ, երրորդում հուլիսը՝ 913 մարդ:
Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալի՝ այս տարվա հուլիսին մեր երկրում աշխատողների թվաքանակը 632 հազար 410 մարդ էր: 2020թ․ սկզբին պաշտոնական վիճակագրությունը 62 հազար 242 գործազուրկ էր հաշվառում: Այս թիվը յոթ ամսվա ընթացքում նվազել է: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 61 հազար 179 մարդ: Իսկ հուլիսի վերջին գործազուրկների թվաքանակը 60 հազար 223 մարդ է:
Հիմա ևս մեկ հետաքրքիր (համարյա լեգենդար) փաստ: Գործազուրկների թեմայով վիճակագրությունը հաշվառում է նաև աշխատանք փնտրողներին, և ըստ պաշտոնական տվյալների՝ գործազրկության կրճատումն ուղեկցվում է աշխատանք փնտրողների թվաքանակի աճով: Գործազուրկների թիվը՝ ներառյալ նրանց թվաքանակը, հունվարին 85 հազար 386 էր։ Հետո աշխատանք փնտրողների քանակն անընդհատ աճում էր․ մայիս՝ 86 հազար 826 մարդ, հունիս՝ 87 հազար 618, իսկ հուլիսին 88 հազար 196 մարդ:
Այս հակասությունն արդյունք է այն բանի, որ պաշտոնական վիճակագրությունը հաշվառում է մի կողմից վերապատրաստվող գործազուրկներին և մյուս կողմից աշխատանքային թափուր տեղերը: Խոսքն այսպես կոչված «թափուր աշխատատեղերի» մասին է: Ամեն ամիս դրանց որոշակի քանակ է հրապարակվում։ Օրինակ, հուլիսին հայտարարվեց, որ երկրում կա 3 հազար 162 աշխատատեղ: Դրանց մեջ ամենամեծ խումբը որոակավորում չպահանջող բանվորական աշխատատեղերն են (706 տեղ): Հասկանալի է, որ հիմնականում թափուր մնում են այն աշխատատեղերը, որոնք ցածր աշխատավարձ են «խոստանում»: Ավելին այս աշխատատեղերի մի մասը պաշտոնապես համարվում է «կրկնվող աշխատատեղ»:
Դրանք այն աշխատատեղերն են, որոնց մասին գործատուն հաշվետու ժամանակաշրջանից առաջ էլ է հայտարարել: Այսինքն դրանք այն աշխատատեղերն են, որոնք տևական ժամանակ նույնիսկ գործազուրկներին չեն «հրապուրում»: Հետևաբար շատ տնտեսագետներ առաջարկում են նման աշխատատեղերը չներառել հաշվետվությունների մեջ՝ որպես գոյություն չունեցող, որովհետև պահանջարկ չունեն:
Այսքանը գործազրկություն-զբաղվածություն պաշտոնական «թվաբանության» մասին: Հիմա ներկայացնենք մեր մոտ 632,4 հազարանոց աշխատատեղերի կառուցվածքում առաջին խոշոր հնգյակը: Հուլիս ամսվա տվյալներով մեր երկրում ամենաշատ աշխատատեղեր ապահովում է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը, ուր կար 110 հազար 183 աշխատող: Երկրորդ տեղում կրթության ոլորտն է, ուր կա 108 հազար 87 աշխատակից:
Մեր արդյունաբերության ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը, աշխատատեղերի քանակով երրորդն է՝ 78 հազար 98 մարդ: Չորրորդ տեղում առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտն է՝ 48 հազար 132 աշխատատեղով: Իսկ խոշոր աշխատատեղեր ապահովող ոլորտների հնգյակի վերջում «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն» անունով ոլորտն է՝ իր 37 հազար 149 աշխատակցով:
Ահա սրանք են աշխատատեղերի կառուցվածքի ու գործազրկության հաշվարկի հրապարակված վերջին պաշտոնական թվերը: Թվեր, որ լեգենդ կամ իրականություն համարելը ճաշակի հարց է»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Գալոյան. Մեր անշարժ գույքի շուկան օտարերկրացիներին չի հետաքրքրում
- Արա Գալոյան. ՏԱՑ-ը հուլիսին այս տարվա ամենացածր կետում է
- Արա Գալոյան. Մեր ծախսերի կառուցվածքը․ այս ցուցանիշով մենք համադրելի ենք միայն Ադրբեջանի հետ
- Արա Գալոյան. Ինչպիսին է մեր հարևանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը
- Արա Գալոյան. Պարենն ու անտառի հակասական թվերը
- Արա Գալոյան. Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է
- Արա Գալոյան. հանցագործությունների քանակն աճել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան