Կապիտալ ծախսերը թերակատարվել են ավելի քան 60 տոկոսով. Արկադի Խաչատրյան
Կառավարության հետ ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարեց, որ հանրապետությունում մոտ 70 հազար արտագնա աշխատող կա և հիշեց, որ համաճարակի սկզբում գործադիրը կոչ էր արել, որ վերջիններս իրենց զբաղվածությունը գտնեն կապիտալ շինարարությունում և գյուղատնտեսությունում: Պատգամավորը հայտնեց, որ ուսումնասիրել է վիճակագրությունը և պարզել, որ զբոսաշրջությունից հետո շինարարությունն ամենաշատ տուժած ճյուղերից է:
Արկադի Խաչատրյանը փաստեց, որ միայն առաջին կիսամյակու կապիտալ ծախսերը թերակատարվել են ավելի քան 60 տոկոսով, գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ցանկատարածությունները նախորդ տարվա հունիսի 1-ի դրությամբ նվազել են 5 հազար հեկտարով և ենթադրեց, որ հազիվ թե այդ բնագավառներում լինի զբաղվածության աճ:
Պատգամավորը հարցրեց, թե ի՞նչ ստույգ տեղեկատվություն կա արտագնա աշխատողների վիճակագրության վերաբերյալ:
Վարչապետը հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզում, որտեղ շատ են արտագնա աշխատանքների մեկնողները, գրեթե բոլոր սուբվենցիոն ծրագրերում նրանք ներգրավված են:
«Կոնկրետ թիվ թվաբանություն, այո այս պահին չեմ կարող ասել»,- հայտարարեց վարչապետը և նշեց, որ չգիտի, թե որտեղից է պատգամավորը վերցրել այդ տվյալները, բայց ինքը տվյալներ ունի, որ այս տարի շատ մարդիկ են գյուղատնտեսությամբ զբաղվել:
«Մի շարք մշակաբույսերի գծով ունեցել ենք արտահանման աճ: Ունեցել ենք մանր եղջերավոր անասունների արտահանման աճ, նաև՝ աշխատատեղերի աճ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի, որևէ կասկած չկա, որ կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, բայց նաև չեն իրականացվել և չեն իրականանալու կանխատեսումները, որ Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս:
Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ կապիտալ ծախսերի մասով խնդիր ունեն և այն ավանդական է, բայց աշխատում են այդ ուղղությամբ:
Արկադի Խաչատրյանը հայտնեց, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներն էր ներկայացնում: