Ճապոնիան նոր վարչապետ ունի․ միջազգային լրահոսի ուշագրավ հատվածները
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ճապոնիայի վարչապետ, 65-ամյա Սինձո Աբեն և նրա ամբողջ կաբինետը հրաժարական են տվել: Ճապոնիայում ռեկորդային ժամանակ վարչապետ Սինձո Աբեին (ավելի քան 2800 օր) այսօր տեղի ունեցած քվեարկությամբ փոխարինեց իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Յոսիհիդե Սուգան։
Նրա թեկնածությունը պաշտպանել է 314 պատգամավոր: Առաջիկա ժամվա ընթացքում նոր վարչապետը պետք է հայտարարի իր կաբինետի նոր կազմը:
Էրդողանի պալատները․ մինչ Թուրքիայի բնակիչները պայքարում են համաճարակի և ճգնաժամի հետևանքների դեմ, Էրդողանը հարկատուների փողերով պալատներ է կառուցում, որոնցից մեկը Վանա լճի ափին գտնվող պալատն է: Շինությունը պետք է հիշեցնի սելջուկյան Քեյ-Քուբադ I տիրակալի պալատին, որը կառուցվել է 13-րդ դարում:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս պալատի կառուցումն արդեն արժեցել է ավելի քան 14 միլիոն եվրո, մինչդեռ Թուրքիայի կառավարությունը ի սկզբանե որպես նախահաշիվ նշել էր այլ ցուցանիշ `3.5 միլիոն եվրո:
Իսրայելը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն Սպիտակ տանը ստորագրեցին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործարքը։ Այն տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերով։ Իսկ թե որքանով այն կազդի Թրամփի վերընտրման հնարավորության վրա, կտեսնենք շուտով։
Կորոնավիրուս. Հնդկաստանում վարակակիրների թիվն անցել է հինգ միլիոնը, որն աշխարհում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ ԱՄՆ-ից հետո: Վիրուսը շատ ավելի արագ է տարածվում Հնդկաստանում, քան ցանկացած այլ երկրում։ Ավելի քան 80,000 մարդ մահացել է։
Գերմանիան Հունաստանից կընդունի մոտ 1500 միգրանտների։ Անգելա Մերկելի կառավարությունը հայտարարել է, որ Գերմանիան Հունաստանից և մասնավորապես Լեսբոսից լրացուցիչ միգրանտներ է ընդունելու: Ավելի քան 12,000 մարդ անօթեւան է մնացել «Մորիա» փախստականների ճամբարում բռնկված հրդեհների պատճառով:
«Վեներան ռուսական մոլորակ է». Ռուսաստանը հայտարարել է Վեներան ինքնուրույն ուսումնասիրելու մտադրության մասին` մեկ օր անց, երբ գիտնականները հայտնեցին, որ մոլորակի ամպերում կարող է գազ առկա լինել՝ միաբջիջ մանրէների պատճառով:
Ռուսաստանի տիեզերական «Ռոսկոսմոս» կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ իրենք նախաձեռնելու են ազգային նախագիծ, քանի որ «մենք հավատում ենք, որ Վեներան ռուսական մոլորակ է»։
Քիմ Քարդաշյանը սառեցրել է ինստագրամի իր հաշիվը՝ միանալով մի շարք այլ աստղերի բողոքի ակցիային ընդդեմ ֆեյսբուքի (ինստագրամը պատկանում է ֆեյսբուքին)՝ կապված նրա հետ, թե ինչպես է այն կառավարում համացանցում ապատեղեկատվությունն ու ատելության խոսքը։
Apple-ը ներկայացրեց երկու նոր ժամացույց, երկու նոր iPad և բաժանորդագրության փաթեթ՝ առանց նոր iPhone-ի։
Սառցե դարաշրջանի, ամբողջությամբ պահպանված արջ է հայտնաբերվել Ռուսաստանի Արկտիկայի տարածքում։ Ենթադրվում է, որ արջն ապրել է 22,000-ից 39,500 տարի առաջ:
Այն կուսումնասիրվի Յակուտսկ քաղաքում գտնվող Հյուսիսարևելյան դաշնային համալսարանում (NEFU):
Ջոն Բոլթոն. Քրեական հետաքննությունն է սկսվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հետ կապված՝ «Այն սենյակը, որտեղ տեղի ունեցավ»։ Հհետաքննվում է գաղտնի տեղեկատվության հնարավոր բացահայտումը։ Բոլթոնը հերքում է բոլոր մեղադրանքները:
Նրա աշխատանքը Թրամփին ներկայացնում է որպես մի նախագահ, որն անտեղյակ է աշխարհաքաղաքական փաստերից, և որի որոշումները պայմանավորված են վերընտրվելու ցանկությամբ:
Թրամփը խոսել է իր նախագահության ամենադժվար պահի մասին․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր առաջին նախագահական շրջանի ամենադժվար պահը կորոնավիրուսի համաճարակն է:
«Անկասկած, դա COVID- ի կամ, ինչպես ես եմ ասում, չինական վիրուսի հետ կապված, այս ամբողջ բանն էր»: Միեւնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդը նշել է, որ մինչ համաճարակը «ամեն ինչ շատ լավ էր ընթանում»: