Արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ու արաբական ուղղությունը սկսում է ավելի լուրջ ընկալվել ՀՀ-ի կողմից․Սաֆրաստյան
«Արաբական աշխարհում գործում է Մուսուլման եղբայրների կազմակերպությունը՝ ծայրահեղական, իսլամական կազմակերություն, որը որոշ ժամանակ առաջ կարճ ժամանակով իշխանության եկավ Եգիպտոսում, ապա հեռացվեց։ Այս կազմակերպությունը վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Թուրքիան մի շարք արաբական երկրներում ակտիվացրել է իր ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, որոնք երիտասարդներին են խրախուսում, որ գնան Թուրքիա սովորեն, կրոնական կազմակերպություններում են փորձում գործել»,-այս մասին այսօր ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների մասին։
Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան փորձում է արաբական աշխարհում նույնպես ստեղծել իրեն հավատարիմ շրջանակներ, ինչը վտանգավոր է։
«Կարծում եմ, որ արաբական աշխարհը լավ է գիտակցում այդ վտանգը։ Մասնավորապես, եթե վերցնենք Եգիպտոսին, ապա տեսնում ենք Եգիպտոսի հետևորղական քաղաքականությունը՝ թուրքական վտանգին դիմակայելու ուղղությամբ։ Մեր ինստիտուտը շատ լավ համագործակցություն ունի եգիպտական մի շարք ռազմավարական կենտրոնների հետ, որից մեկը Եգիպտոսի նախագահին կից կենտրոնն է։ Նախորդ տարվա մեր համատեղ գիտաժողովը ցույց տվեց, որ այնտեղ մասնագետները շատ խորությամբ ուսումնասիրում են Թուրքիայի քաղաքականությունը՝ ներքին ու արտաքին։ Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ թուրքական վտանգը դեռ նոր-նոր է սկսվում գիտակցվել տարածաշրջանի երկրների կողմից, այդ թվում և արաբական աշխարհի»,-ասաց Սաֆրաստյանը։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օրերս Եգիպտոս այցը, Սաֆրաստյանի խոսքերով, ցույց տվեց, որ նաև քաղաքական, դիվանագիտական առումով բավական լուրջ համագործակցություն է սկսվում Եգիպտոսի նման կարևոր երկրի հետ, «ինչը հեռանկարային ուղղություն է»։
Խոսելով դեպի արաբական աշխարհ Հայաստանի քաղաքականության մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ սկսվում է Հայաստանի արտաքին քաղաքականության մի նոր ուղղություն ավելի լուրջ ընկալվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից՝ նկատի ունենալով մերձավոր արևելյան ու արաբական ուղղությունը։
«Եվ պատմական առումով, և այսօրվա տեսակետից մենք հազարավոր կապերով կապված ենք Մերձավոր Արևելքի, Արաբական աշխարհի հետ, մեր համայնքներն այնտեղ ակտիվ են։ Մենք պետք է Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի արևելքում՝ Լևանտում, մեր տեղն ունենանք որպես մի երկիր, որը վարում է արտաքին քաղաքականություն՝ ուղղված կայունության, խաղաղության պահպանմանը, ագրեսիվ գործողություններին, մասնավորապես Թուրքիայի, դիմակայելուն։ Միայն այն հանգամանքը, որ հարյուրամյակներ Լևանտում գոյություն է ունեցել Կիլիկիայի հայկական պետականությունը, որը շատ կարևոր դերակատար է եղել այդ տարածաշրջանում, մեզ իրավունք է տալիս այս տարածաշրջանը դիտարկել մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Այս առումով մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոս
- Եգիպտոսի ԱԳՆ․ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունները խախտում են մեր ինքնիշխան իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան