Պետք է մի հատ ճշգրտել հանրության ներկայացուցիչների հասցեն, հեռախոսի համարները, որպեսզի հասկանանք, թե նրանք ում են ներկայացնում. վարչապետ
«Երբ որ ասում եք հանրության մոտ հարցեր են առաջացել, պետք է մի հատ ճշգրտել հանրության ներկայացուցիչների հասցեն հեռախոսի համարները, որպեսզի հասկանանք, թե նրանք ում են ներկայացնում»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի պնդմանը, որ հանրության մոտ հարցեր են առաջացել, թե ինչ սկզբունքով էր առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը:
Իր ասածը վարչապետը փաստարկեց նրանով, որ երբ սեպտեմբերի 1-ին այցելել են դպրոց, ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ առաջին օրը աշակերտների հաճախելիությունը 97 տոկոս է եղել, մինչդեռ մարդիկ են եղել, որ հայտարարել էին, որ հանրությունը բոյկոտում է դպրոցները:
Նկատելով, որ ՍԴ անդամների ընտրության ժամանակ բոլորը հեղափոխության արժեքներից էին խոսում՝ վարչապետը հայտարարեց. «Այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխության ժամանակ հեղափոխությունը կառավարած, ղեկավարած քաղաքական թիմը գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, որոնք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մի շաբաթ հետո, դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք: Ոչ, ես ասում եմ, որ այդպես չէ»:
Վարչապետի խոսքով, ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր՝ քաղաքական և ոչ քաղաքական, որոնք ուզում են իրենց օրակարգը, շահերը, մարդկանց, թեկնածուներին, կամակատարներին հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց ԱԺ-ում տեղի ունեցածը:
«Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել կարևոր մի բան: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Ոչ, չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Կառավարությունն էլ թեկնածուների մասին որոշումը կայացրել է լիազորությունների շրջանակներում»,- հայտարարեց վարչապետը: