Իրանը բողոքել է ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների դեմ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը բողոքել է վերջերս ԱՄՆ նախագահի կողմից Իրանի հասցեին հնչող սպառնալիքների դեմ: Մաջիդ Թախթ Ռավանչին երեքշաբթի նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ԱԽ ղեկավարին, դատապարտելով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը: Նա հավելել է, որ դա ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի խախտում է, որն արգելում է սպառնալիքները կամ ուժի գործադրումը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Անդրադառնալով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի նախկին սպառնալիքներին և ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը, Թախթ Ռավանչին Անվտանգության խորհրդին կոչ է արել ԱՄՆ-ին հորդորել դադարեցնել իր սպառնալիքները, անօրինական գործողությունները և անպատասխանատու քաղաքականությունը:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կրելու է Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդրության պատասխանատվությունը, շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի պահ չի հապաղի իր ազգի, հողի և շահերի օրինական պաշտպանության հարցում:
ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում անդրադարձել էր Politico կայքի այն պնդմանը, թե Իրանը մտադիր է սպանել Հարավային Աֆրիկայում ամերիկացի դեսպան Լանա Մարկսին և անհիմն հայտարարություններ էր արել:
Կեղծ լուրն արագորեն հերքվեց Իրանի և նույնիսկ Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտոնյաների կողմից: