Պատգամավորներ կան, որոնք մնացել են անցյալում և վերջնականապես գնալու են անցյալ. Սիմոնյան
«Վարչապետը որևէ քաղաքական ուժի հետ փոխհրաձգություն չունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որում նա աջակցություն էր հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, և տողատակում նաև անդրադարձել Գագիկ Ծառուկյանին՝ որպես «ազգանպաստ» գործունեություն ծավալող անձի։
Ինչ վերաբերում է վարչապետի գրառումից հետո Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան հայտարարությանը, թե Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնելու բարձր պաշտոններ, ապա, ըստ Ալեն Սիմոնյանի, այդ գրառումը վերաբերում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին.
«Լուրեր են պտտվում, որ Գևորգ Պետրոսյանը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել դեռ այն ժամանակ, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր, և դա է եղել պատճառը, որ նա լքել է նախարարի պաշտոնը՝ ընդամենը մի քանի ամսում։ Կարծում եմ՝ այդ որոշումը հենց Գագիկ Ծառուկյանն է կայացրել։ Ես կարծում եմ, որ եթե վարչապետին ուղղված լիներ այդ գրառումը, ապա պարոն Ծառուկյանը համարձակություն կունենար անուն նշելու։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պատկանում է նրան»։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի գրառման ենթատեքստը, պարզից էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանին էր վերաբերում, արդյո՞ք վերջինիս հետ հուշագիր ստորագրելուց նույն մտավախությունը չուներ վարչապետը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ տեղեկությունները՝ կապված պարոն Ծառուկյանի դատապարտված լինելու հետ, ավելի ուշ են ի հայտ եկել, քան հուշագրի ստորագրումը։ Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը տարակուսեց, եթե իրենք իմանային պարոն Ծառուկյանի դատված լինելու մասին, կստորագրեի՞ն հուշագիր, թե՞՝ ոչ։
«Հեղափոխություն է տեղի ունեցել, եղել են փուլեր, բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսելու, բոլորն ունեցել են հնարավորություն՝ իրենց յորղանի չափը որոշելու»,- նշեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ է քաղաքական դիսկուրսը նման մակարդակի իջեցվել, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ իր խոսքն այն բանի մասին է, որ ցանկության դեպքում յուրաքանչյուրին ցանկացած պահի կարելի է իր անցյալի հետ կապել.
«Ինչ վերաբերում է ԱԺ-ի մակարդակն իջեցնելուն, ապա ես կարծում եմ, որ կոնկրետ պատգամավորներ կան, որոնք մնացել են անցյալում և վերջնականապես գնալու են անցյալ։ Մենք պետք է վերջ տանք այն դեպքերին, երբ ԱԺ շենքում լրագրողի էին ապտակում կամ հայհոյում։ Հիմա պատգամավոր կոչվածն իրեն թույլ է տալիս դերասանի վերաբերյալ լկտի արտահայտություններ անել»։
Դիտարկմանը, որ ըստ ԲՀԿ-ի էլ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ իր ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում մի ողջ մարզի վիրավորել է, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ կոտայքցիներին որևէ մեկը չի վիրավորել, ո՞նց կարելի է մի ողջ մարզի բնակիչներին վիրավորել։
«Օրինակ է բերվել, և իրենք գտել են այդ հերոսի անունը և սկսել են պաշտպանել։ Ընդհանրական ասված բան էր, որ այլևս նման բարքեր գոյություն չունեն»,- նշեց նա։
Լրագրողների հիշեցմանը, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ևս դատվածություն է ունեցել, ինչո՞ւ այդ մասին չի խոսվում, իսկ Գագիկ Ծառուկյանի դատվածության մասին խոսվում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ որովհետև խոսքը քաղաքական բովանդակության մասին է։
«ԿԳՄՍ նախարարի ասածը որևէ հասցեատեր չուներ..., իսկ եթե բոլորը գիտեն, թե ում մասին էր խոսքը, էլ ի՞նչ կա քննարկելու... և ո՞վ է ասում, որ ԲՀԿ ղեկավարին է վերաբերում այդ հայտարարությունը, ես չգիտեմ՝ ում էր վերաբերում»,- եզրափակեց խոսքը Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նա իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրասնգենդերների հետ քննարկումներով. Իվետա Տոնոյան
- Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԲՀԿ-ն դուրս կգա փողոցային պայքարի. Իսայան
- Գագիկ Ծառուկյան. Էսօր ժողովրդին տուգանելուց, հարկերը բարձրացնելուց բացի, ի՞նչ եք արել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան