ԲՀԿ պատգամավորն առաջարկում է ներտնային աշխատողներին ընդգրկել միկրոձեռնարկատերերի ցանկում
Ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ-ում հայտնեց, որ նախաձեռնությամբ հանդես գալու միտքն իր մոտ առաջացել է այն ժամանակ, երբ պարզվեց, որ օրավարձով աշխատողների համար հիմք չկար համաճարակով պայմանավորված աջակցության ծրագրերով օժանդակություն ցուցաբերել:
Ըստ նրա, Հայաստանում շատ են օրավարձով աշխատողները, որոնք սահմանված կարգով գրանցված չեն որպես վարձու աշխատող, չեն կարող նույնականացվել պետության կողմից, հետևաբար, նրանց իրավունքները չեն կարող պաշտպանվել Աշխատանքային օրենսգրքով:
Մելքումյանը նկատեց, որ չգրանցված վարձու աշխատողների աշխատանքային ստաժը նաև չի կարող հաշվի առնվել կենսաթոշակի հաշվարկման ժամանակ:
Պատգամավորը հայտնեց, որ Հարկային օրենսգրքի 272-րդ հոդվածի հավելված 3-ով սահմանված են գործունեության այն տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից:
Մելքումյանը նախագծով առաջարկեց ընդլայնել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ` օրենքում ներառելով ներտնային վերանորոգման աշխատանքներ, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման և մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային աշխատանքներ կատարող, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող քաղաքացիներին:
«Սա քայլ է, որպեսզի մեծ թվով մարդկանց ներքաշեն պետության կողմից արձանագրվող դաշտ»,- հայտնեց Մելքումյանը: