Կառավարությունը 152 մլն դրամ հատկացրեց Կոտայքում ջրագիծ կառուցելու համար
«Գեղարդալճի ինքնահոս համակարգի նախագիծը մշակվել է 2014 թվականին, և նախագծով նախատեսված է 26.2 կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925 կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչի կառուցվածքը»,-կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով ջրագիծ կառուցելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեի օրենքում վերաբաշխում կատարելու մասին որոշումը:
Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման վարկային ծրագրի շրջանակում իրականացված Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքում Գողթ համայնքի բնակիչների կողմից 2018 թվականից սկսած եղել են բողոքներ և այդ պատճառով շինարարարկան աշխատանքներ չէին ավարտվել: Նախարարը նշեց, որ աշխատանքներն ամբողջական ծավալով չեն իրականացվել, և անհրաժեշտ ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար պետք է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցումը, որի նախագծանախահաշվային փաստաթղթերն ու փորձաքննությունն արդեն պատրաստ է:
Նախարարի հավաստիացմամբ, վերջին շրջանում կատարված աշխատանքների արդյունքում Կոտայքի նախկին մարզպետի, Ջրային կոմիտեի նախագահի միջամտությամբ հնարավոր է եղել հասնել նրան, որ բնակիչները արդեն եկել են կոմպրոմիսի, և նրանց առաջարկները նույնպես ընդունվել են նախարարության կողմից: Նա հնարավոր համարեց Գողթ համայնքի բնակիչների հետ համատեղ ծրագիրը շարունակելը:
Նախարարը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է 152 մլն դրամ, որը կվերաբաշխվի 2020 թվականի պետական բյուջեի կոշտ թափոնների կառավարման ծրագրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով, ջրագծի կառուցման շնորիվ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում ոռոգման մեխանիկական համակարգը կփոխարինվի ինքնահոս համակարգով: