Առաջարկվում է, որ ՔԿ-ում պաշտոնի նշանակվեն նաև պարտադիր զինծառայությունից ազատված անձինք
«Առաջարկում ենք ՔԿ ծառայող տերմինը փոխակերպել և դարձնել ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ»,-այսօր խորհրդարանում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ ներկայացնելով «ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ 2018 թվականին ընդունվել են «ՀՀ հանրային ծառայության մասին», «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքները։ Ըստ ՔԿ փոխնախագահի, այս չորս օրենքներով պայմանավորված, «ՔԿ-ի մասին» օրենքը ենթակա է փոփոխման։
«Հաջորդ փոփոխությամբ առաջարկում ենք ՔԿ դեպարտամենտը վերացնել, և ըստ նախագծի, այդ դեպարտամենտին կփոխարինեն աջակցող մասնագիտական մարմինը, որոնք լինելու են վարչությունների և բաժինների տեքով։ Բացի այդ, առաջարկում ենք ՔԿ մարմնի ղեկավարին՝ որպես պետական մարմնի ղեկավարի, հետայսու իրավունք տալ անձամբ հաստատելու ՔԿ Կանոնադրությունը, կառուցվածքն ու հաստիքացուցակը։
Մինչ այդ, այս ամենն իրականացվում էր Կառավարության կողմից։ Եվ վերջում, առաջարկում ենք, որ օրենքով նախատեսված կարգով և հիմքով ՔԿ-ում պաշտոնի նշանակվեն նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք»,- ներկայացրեց Արսեն Այվազյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ՔԿ կառուցվածքի փոփոխության հետ կապված ի՞նչ ֆինանսական ներուժ է պետք։
Պատասխանելով հարցին՝ Արսեն Այվազյանը նշեց, որ ՔԿ հաստիքացուցակը, կառուցվածքն ու Կանոնադրությունը հաստատելու պայմաններում ՔԿ-ն լրացուցիչ ֆինանսների ներգրավման կարիք եթե ունենա, ապա դիմելու է ֆինանսների նախարարությանը, այսինքն՝ այդ մասով Կառավարությունից կախում լինելու է.
«Այստեղ մենք ունենում էինք իրավիճակներ, երբ առկա հնարավորությունների շրջանակում փոփոխությունների կարիք էր լինում, բայց այդ դեպքում էլ էինք մենք Կառավարությանը դիմում։ Իսկ նոր կանոնակարգմամբ արդեն ավելի արագ և ավելի ճկուն կկարողանանք փոփոխություններ անել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի