Հայտարարագիր կներկայացնեն նաև ավագանու անդամները
«Առաջարկում ենք հայտարարագիր ներկայացնող անցանձ, ինչպես նաև հայտարարագրվող օբյեկտների ցանկը ընդլայնել»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։
Նրա խոսքով, հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը։
«Եթե ծախսի միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, ապա այն ենթակա է հայտարարագրման։ Թվարկված ծախսերի թվում են կեցության, ուսման համար նախատեսված, հանգստի, շարժական գույքի վարձակալության, գյուղատնտեսական գործունեության և անշարժ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը։ Առաջարկում ենք նաև հայտարարագրման օբյեկտ դարձնել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը. այդպիսի գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից վերահսկվող գույքը»,- ներկայացրեց նախարարը։
Առաջարկվում է ներդնել նաև նախագիծ, ըստ որի պաշտոնատար անձի՝ պաշտոնեական լիազորությունները դադարելուց հետո երկու տարվա ընթացքում, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի անձից պահանջել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր.
«Առաջարկում ենք նաև հայտարարագրվող թանկարժեք գույքի շեմը իջեցնել 8 մլն դրամից հասցնելով 3 մլն դրամի»։
Հայտարարատուների շրջանակը ևս առաջարկվում է ընդլայնել՝ ներառելով նաև համայնքների աշխատակազմերի քարտուղարներին և 15 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների ավագանու անդամներին։
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ այնտեղ խնդիր է տեսնում, քանի որ ՏԻՄ համակարգում քաոս է տիրում։
«Համայնքի ավագանու ինստիտուտը մենք չենք կարողանում կայացնել, որովհետև այդ ինստիտուտը հիմնված է կամավորության վրա։ Այսինքն՝ ավագանու անդամը չի վարձատրվում, իրեն դրամական փոխհատուցում տաիս են, բայց դա աշխատավարձ չէ։ Այս դեպքում, մենք մեծապես վնաս ենք հասցնելու համայնքի ավագանու ինստիտուտին՝ ստիպելով հայտարարագիր ներկայացնել։ Քանի որ տարբեր ոլորտի մարդիկ գալիս են ավագանի, բայց չեն ուզում հայտարարագրել իրենց գույքը։ Հատկապես այն դեպքում, երբ նրանք պետությունից գումար չեն ստանում։ Կամ ինչո՞ւ պետք է ավագանու անդամը հայտարարագրի իր ծախսերը, եթե, կրկնում եմ, նա պետությունից գումար չի ստանում։ Խնդրում եմ վերանայել այս դրույթը»,- նշեց Անի Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին