Նախատեսվում է 5 պոլիկլինիկայի վերանորոգում
Երևանի ավագանին 2020թ. բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դրամ հատկացրեց բուժհաստատություններին: Սա գրեթե եռակի ավելի է 2018թ. համեմատ: Պոլիկլինիկաներում իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ես շատ եմ կարևորում առաջնային օղակի ընդհանուր ծառայությունը, սա կարևորագույն բաղադրիչ է ընդհանուր բուժական համակարգի, պետության տեսակետից: Մենք պետք է կանխարգելենք հիվանդությունները, չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացին գնա, հասնի հիվանդանոց: Կար հանձնարարական իմ կողմից՝ պոլիկլինիկաների բժիշկների, մեր բուժվարչության միջոցով գնահատել, թե առաջնային ինչ տեխնիկական վերազինման կարիք ունենք: Եվ մենք արդեն 2019-2020 թվականներին սկսել ենք վերազինել պոլիկլինիկաները: Տեսականին բավականին մեծ է, բուժսարքավորումները շատ որակով են, ինչը փաստեցին հենց մեր բժիշկները: Արդյունքը զգացվում է, ավելի ճիշտ՝ ախտորոշումն արվում է և ավելի նպատակային»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա ընթացքում պոլիկլինիկաներին 10 տեսակի 325 բուժսարքավորում է հատկացրել, իսկ արդեն այս տարի 11 տեսակի 134 բուժսարքավորում կհատկացվի: Գործընթացն ավարտական փուլում է:
«Գտել ենք այն խոցելի կետերը, որտեղ այդ ամեն ինչի կարիքը եղել է և՛ կանանց կոնսուլտացիայի առումով, և՛ ակնաբուժական, և՛ ռենտգենը, որը մեզ մեծագույն օգնություն էր COVID-ի շրջանում՝ դիմակայելու համավարակը: Մեր նպատակն է հասնել այն կետին, որ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային հիմնարկների միջև տարբերություն չլինի բուժսարքավորումների և որակյալ ծառայությունների առումով, ինչն ավելի մատչելի է համայնքապատկան հիմնարկներում»,-ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
«Սա շարունակական ծրագիր է լինելու. մյուս տարվա բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնենք այս սարքավորումների առկայությունը, տեսնենք, թե որտեղ ինչ արդյունք են տվել դրանք, դրանցով համալրենք այլ պոլիկլինիկաներ, իսկ որտեղ արդեն կան՝ մտածենք, թե ինչ նոր սարքավորումներ է հարկավոր ձեռք բերել»,- ասել է քաղաքապետը:
Առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր մնում է շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ՝ այս տարի արդեն ավարտվել է «Շտապբուժօգնություն» ընկերության երեք ենթակայանների վերանորոգման ծրագիրը: Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներն ըստ առաջնահերթության կշարունակվեն նաև 2021թ.: Նախատեսվում է նաև 5 պոլիկլինիկայի վերանորոգում: Նախագծանախահաշվային փաթեթների մրցույթն արդեն կայացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա