2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրները
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին. մայր և դուստր Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ նրանց շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամ-ի հանրային կապերի բաժնից:
Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ և «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության և մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին եւ փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան մեկ միլիոն դոլար մրցանակի շահառուները։
Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրվել են 2020 թ. «Ավրորայի» հերոսներից, որոնք հայտարարվել են 2020 թ. ապրիլի 24-ին: Բացի սոմալացի իրավապաշտպաններից, բացառիկ հերոսների թվում էին նաև կոնգոյացի ակտիվիստ Անժելիկ Նամայկան, փախստականներին բաց ծովում փրկող Սոֆի Բոն և Կլաուս Ֆոգելը և աֆղանստանցի մանկավարժ Սաքինա Յակուբին:
Առ այսօր «Ավրորան» ձեռնարկել և աջակցել է բազմաթիվ նախագծերի ավելի քան 30 երկրում, որոնցից օգտվում է շուրջ մեկ միլիոն մարդ, որոնք տառապում են պատերազմի վայրագությունների, սովի, առողջապահության պակասի, ցեղասպանության կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների հետեւանքով: Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մրցանակը ձգտում է ընդլայնել համաշխարհային մարդասիրական շարժումը՝ շարունակելով երախտագիտության շղթան աշխարհով մեկ:
Երկար տարիներ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը եւ իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության եւ Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։
«Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը մարմնավորում են «Ավրորա» մրցանակի ոգին եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» մեր գաղափարախոսությունը: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ արտահայտելու մեր խորին հիացմունքը եւ գնահատանքն այն աշխատանքի համար, որ նրանք անում են Սոմալիում: Նրանք երկրորդ հնարավորություն, ապագայի հույս են տալիս մարդկանց, ոգեշնչում՝ վարելու ավելի իմաստալից կյանք: Նրանց խիզախությունը, անձնազոհությունը, այլասիրությունը, իդեալիզմը, ինչպես նաեւ կատարած աշխատանքն արտացոլում են «Ավրորա» համաշխարհային շարժման արժեքները»,- նշել է Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:
Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին իր տեսաուղերձում, որում հայտարարում է դափնեկիրներին, ասել է. «2020 թ. ծանր տարի էր, բայց ինչպես բոլոր ճգնաժամերը` այն ևս միավորեց մեզ: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ֆարթունի և Իլվադի նման բազմաթիվ մերօրյա հերոսներ ի հայտ եկան, որոնք հիշեցնում են մեզ համընդհանուր մարդկայնության մասին»:
«Վերջին հինգ տարում «Ավրորան» տարածել է այն գաղափարը, որ բարի գործերը կարող են փոփոխություն բերել, երբ դրանք իրար են գումարվում, իսկ Ֆարթունի եւ Իլվադի խիզախությունը դրա վառ վկայությունն է»,- ավելացրել է Հարվարդի պրոֆեսոր, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Սամանտա Փաուերը:
Անցած տարիներին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ են եղել բուրունդացի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016 թ.), ամերիկացի բժիշկ և միսիոներ Թոմ Քաթինան (2017 թ.), ռոհինջա իրավապաշտպան Չո Լա Աունը (2018 թ.) և եզդի ակտիվիստ Միրզա Դինային (2019 թ.):
2020 թ. հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» հատուկ առցանց միջոցառում, որը կհեռարձակվի Նյու Յորքի հանրային գրադարանից՝ մեծարելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ հարգանքի տուրք մատուցելով Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին: 2021 թ․ մարտին Նյու Յորքում տեղի կունենա նաեւ ոչ առցանց միջոցառում, որը կուղեկցվի էկումենիկ արարողությամբ՝ նվիրված կորոնավիրուսի զոհերի հիշատակին:
Միջոցառումների ընթացքում հավաքված միջոցները կօգնեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը և«Ավրորա» մրցանակի դափնեկիրներին՝ շարունակելու իրենց գործը:
Հարակից հրապարակումներ`
- 2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- Միրզա Դինայի` 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը
- Նոր նամականիշ` նվիրված 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
- «Ավրորա» նախաձեռնությունն ստացել է Հռոմի պապի հատուկ օրհնությունը՝ «Ավրորա» ֆորումին ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան