Զախարովա․Ղարաբաղում լիբանանահայերի ներհոսքի մասին ստուգված տվյալներ չունենք
«Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների մտադրության մասին՝ Լիբանանը լքած հայերին բնակեցնելու մասին։ Մենք կարդացել ենք հաղորդագրությունները, որ լիբանանահայ երկու ընտանիք ցանկություն է հայտնել բնակվել Լեռնային Ղարաբաղում։ Ստուգված տվյալներ, Լեռնային Ղարաբաղ ու նրա շուրջ տարածքներ լիբանանահայերի իրական ներհոսքի մասին, մենք չունենք»,- այսօր բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ի հարցմանը։
Զախարովայի խոսքերով, այժմ պետք է կենտրոնանալ բանակցային գործընթացի վերականգնման վրա՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի, այդ թվում փախստականների ու տեղահանված անձանց հարցի լուծմանը։
Զախարովան նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին խորհրդակցություններ են անցկացրել հեռախոսով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, առաջարկել հանդիպումներ համանախագահների հետ առանձին ու հավելեց, որ ակնկալում են կողմերի դրական արձագանքը։
Հետաքրիր էր նաև, որ բրիֆինգի ժամանակ Զախարովան, ի հավելումն ՌԴ ղեկավարության ուղարկված ու ուղարկվելիք շնորհավորանքների, անդրադարձավ ու շնորհավորանքներ հղեց Չիլիի (սեպտեմբերի 18), Հարավային Օսեթիայի (սեպտեմբերի 20), Մալիի (սեպտեմբերի 22) անկախության տոների կապակցությամբ։